Home / Հայաստան / Պատգամավորը ՓՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարող գյուղացիներին խորհուրդներ է տվել

Պատգամավորը ՓՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարող գյուղացիներին խորհուրդներ է տվել

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը այցելել է Լոռու մարզի Մարց գյուղ, որտեղ բնակիչները պայքարում են «Մարցիգետ-1» փոքր ՀԷԿ-ի կառուցման դեմ:

ԷկոԼուր-ի հետ զրույցում Մարուքյանն ասել է, որ ՀԷԿ-ի կառուցման հետ կապված՝ ներկայացրել է պայքարի իրավական և հասարակական տարբերակները:

«Առաջինը՝ ավագանին կարող է չեղյալ անել շինթույլտվությունը, իսկ իրավական ճանապարհը՝ պետք է դիմեն վաչական դատարան պարտավորության հայցով», – ասել է Մարուքյանը:

Նրա խոսքով՝ որպես ԱԺ պատգամավոր ինքը լիազորություն չունի ՀԷԿ-ի շինարարական թույլտվությունն անվավեր ճանաչելու, բայց գյուղապետը դրա իրավասությունն ունի, իսկ ավագանին ավելին կարող է անել:

«Հարցի լուծումը կարող են տալ միայն Մարցի բնակիչները, քանի որ միայն իրենք կարող են որոշել թույլատրել ՀԷԿ-ի կառուցումը կամ էլ խոչընդոտել դրա կառուցմանը: Տեղական ինքնակառավարման մարմինը ունի օրենքով սահմանված բոլոր մեխանիզմները, որոնք օգտագործելով, գյուղացիները կարող են արգելել ՀԷԿ-ի կառուցումը, իսկ ես՝ որպես ԱԺ պատգամավոր, բացի խորհրդատվությունից, այլ բան չեմ կարող անել: Գյուղացիներին իմ կողմից ներկայացվել են իրավական բոլոր մեխանիզմները, որոնք օգտագործելով նրանք կարող են արգելել ՀԷԿ-ի կառուցումը», – ասել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Մարց էր այցելել փոքր ՀԷԿ կառուցող «Մարցէներջի» ընկերության ներկայացուցիչ Լեռնիկ Սիմոնյանը: Մարցի բնակիչ Պարգևը Epress.am-ի հետ զրույցում պատմել էր, որ Սիմոնյանը փորձել է գյուղացիներին համոզել, որ ՀԷԿ-ի կառուցումը բխում է իրենց շահերից:

«Ասում էր, որ աշխատատեղեր կլինեն, խոստանում էր, որ ամառվա երեք ամիսներին ՓՀԷԿ-ը չի աշխատացնի, իսկ  երբ այն գործի, ջրի 30%-ը կթողնի գյուղատնտեսության համար: Նաև խոստանում էր, որ գյուղն էլեկտրականությամբ ապահովելու հարցը կլուծի»,- պատմնել է Պարգևը:

Նրա  խոսքով՝ գյուղացիներն ասել են, որ որևէ առաջարկ չեն ուզում լսել և կտրականապես  դեմ են ՓՀԷԿ-ին: Թեև Սիմոնյանը խոստացել է հետ կանգնել ՀԷԿ կառուցելու գաղափարից, գյուղացիները նրան չեն հավատացել:

Հիշեցնենք, որ Մարցում մեկ հանրային լսում է անցկացվել, որի մասին գյուղացիները տեղեկացել են լսումներից հետո միայն: Նրանք դեմ են ՓՀԷԿ-ի կառուցմանը, որովհետև այն ոչ միայն կվտանգի գետի գոյությունը, այլև կխլի ոռոգման ջուրը: Մայիսի 5-ին գյուղացիները իրենց բողոքը արտահայտել էին՝ ձորը նետելով «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման համար նախորդ օրը բերված երեք խողովակները: