2005թ. մարտի 15-ին ԼՂՀ-ում զոհհված զինծառայող Խաչատուր Մելիքյանի սպանության առիթով հարուցված գործը փակուղի է մտել, քանի որ Մելիքյանի իրավահաջորդի ներկայացուցչի կողմից դատարան կանչված կարևոր վկաների մեծ մասը Հայաստանում չէ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Մելիքյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ կանչվող վկաները փախել են երկրից, քանի որ 8 տարի առաջ նրանց ստիպել են կեղծ ցուցմունք տալ: Փորձագետի խոսքով՝ խնդիրը բարդանում է, քանի որ որոնում կարելի է հայտարարել միայն ամբաստանյալների նկատմամբ՝ դատարան բերելու համար, և ոչ վկաների:
Բացակա կարևորագույն վկան զինծառայող Ա.Դիլանյանն է, ով, ըստ քրեական գործի, խախտել է իր զինվորական իրավասությունները, որոնք հանեցրել են ծանր հետևանքների՝ զինվորի մահվան: Գործում առկա նյութերի համաձայն, Դիլանյանը մեկ այլ ծառայող՝ Միշա Դումիկյանին է տվել իր ինքնաձիգը, երբ իրենց երկուսին էլ հերթապահության վայրում թվացել է, թե իրենք հակառակորդի զինվոր(ներ) են տեսնում: Դումիկյանը կրակահերթ է արձակում դիմացի, աջ և ձախ ուղղություններով: Ավելի ուշ պարզվում է, որ այդ կրակոցներից մեկը դիպել է կողքի, թիվ 4 դիտակետում հերթապահող Խաչատուր Մելիքյանին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
«Նախաքննական մարմինը համարել է, որ կարելի է ազատել Դիլանյանին, քանի որ նա զղջացել է իր արածի համար», – ասել է Մարտիրոսյանը:
Բացի Դիլանյանից, Մարտիրոսյանը միջնորդել էր որպես վկա կանչել զորամասի այլ ծառայողներին ևս:
Նրանցից երկուսի հարցաքննությունն անցել է մայիսի 7-ին կայացած վերջին դատական նիստի ժամանակ: Մարտիրոսյանի խոսքով՝ վկաներից մեկը հերքել է իր նախաքննական ցուցմունքը՝ ասելով, որ հստակ հիշում է՝ ինքը չէր կարող ասած լինել, թե կրակոցներ է լսել դեպքի գիշերը, ինչպես նաև այլ մանրամասներ, որ կան իր ցուցմունքնում: Հայաստանում գտնվող այլ վկաների հարցաքննությունը շարունակվելու է հաջորդ նիստի ժամանակ:
Մարտիրոսյանը հիշեցրել է, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ անմիջապես չի հարուցվել, քանի որ, ըստ նախնական պաշտոնական վարկածի, Խաչատուր Մելիքյանը զոհվել էր ադրբեջանցիների հետ սահմանակցող մարտական հենակետում վերջիններիս կողմից արձակված հրազենային կրակոցից: Ավելին, ԼՂՀ նախագահի կողմից Մելիքյանը հետմահու պարգևատրվել էր արիության շքանշանով: Հետագայում հարցուցվել է գործ, որով դեպքը որակվել է որպես անզգուշությամբ սպանություն:
Ըստ Ռուբեն Մարտիրոսյանի՝ առաջին ատյանի դատարանում գործը թերի է քննվել և Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լեռնիկ Աթայանը մերժել է տուժող կողմի բոլոր միջնորդությունները, այդ թվում նաև` ենթադրյալ մարդասպան Դումիկյանին կալանավորելու պահանջը: 2006 թվականին Դումիկյանը, տեսնելով, որ անզգույշ սպանության հոդվածը կարող է փոխարինվել դիտավորյալ սպանության հոդվածով, դիմել է փախուստի: Անցյալ տարի նրան կալանավորել են Ռուսաստանում և բերել են Երևան: Այժմ նա կալանքի տակ է, գործով որպես մեղադրյալ է անցնում:
Մարտիրոսյանի խոսքով՝ Դումիկյանն իրականում կապ չունի Մելիքյանի սպանության հետ: Իր կարծիքը փորձագետը հիմնավորում է մի քանի կետով.
– Ոչնչացվել է դեպքի վայրը: Կեղծ ցուցմունքների հիման վրա քննիչ Ադամյանը ապացուցված է համարել, որ սպանության պահին Մելիքյանը գտնվել է N4 դիտակետում, ինչը հակասում է գործով ձեռքբերված այլ տվյալներին: Մասնավորապես. բոլոր վկաների ցուցմունքներին համաձայն` N4 դիտակետը անսարք վիճակում էր, այնտեղ հերթապահություն չէր իրականացվում և զինծառայողն այնտեղ գտնվել չէր կարող:
– Չնայած նախաքննական մարմինն ապացուցված է համարել, որ Դումիկյանը Մելիքյանի վրա կրակել է թիվ 5 դիտակետից, սակայն այդ դիտակետում ոչ մի պարկուճ չի հայնաբերվել:
– Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ Մելիքյանը մահվանից առաջ ոգելից խմիչք է օգտագործել: Որպես վկա հարցաքննված Դումիկյանը իր ցուցմունքում նշել և կապիտան Ս. Սահակյանի հետ առերեսման ժամանակ պնդել է, որ սպանությունից մեկից երկու ժամ առաջ կապիտանը, պատրաստվելով իր սպա ընկերների հետ ընթրել, գետնատնակի սեղանին է դրել մեկ լիտրանոց պլաստմասե տարայով տնական թունդ օղի: Չնայած այս փաստի` քննիչն ապացուցված է համարել, որ սույն մարտական հենակետում խմիչք չի եղել և ոչ ոք` այդ թվում Մելիքյանը, չի խմել: Դատաբժիշկը հարցաքննվելիս պնդել է իր եզրակացության այդ կետը` նշելով, որ դատաբժշկական կենտրոնում պահվում է Մելիքյանի արյան նմուշը և ինքը կարող է այն տրամադրել ցանկացած անկախ փորձագետի` համոզված, որ արդյունքը լինելու է նույնը:
– Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ Մելիքյանի մարմնի տարբեր մասերի` ձեռքերի, ոտքերի, կրծքավանդակի և թիկունքի վրա հայտնաբերվել են քերծվածքներ, կապտուկներ և արնազեղումներ, որոնք առաջացել են մահվանից 0-10 րոպե առաջ: Չցանկանալով արձանագրել ակնհայտ ծեծի և խոշտանգման փաստը` քննիչը վկաներից ցուցմունքներ է վերցրել, համաձայն որոնց
ա) զինվորներից ոչ մեկը չէր կարող ծեծել Մելիքյանին, քանի որ վերջինս ֆիզիկապես բոլորից ուժեղ էր, ըմբշամարտիկ էր, սպորտի վարպետ,
բ) նշված վնասվածքները կարող էին առաջանալ մահամերձ Մելիքյանին վազքով դիտակետից խրամատ տեղափոխելու ճանապարհին խրամուղու պատերին դիպչելու արդյունքում:
– Զոհվածի հագուստների փորձագիտական եզրակացության մեջ նշվում է, որ արյան հետքեր են հայտնաբերվել Մելիքյանի ներքնազգեստի վրա, սակայն, չեն հայտնաբերվել ձմեռային բաճկոնի վրա, որը, ըստ ցուցմունքների, եղել է նրա հագին:
Այժմ գործի քննությունը շարունակվում է Վերաքննիչ դատարանում: