Home / Հայաստան / «Եթե խաղ լիներ, ի՞նչ դժվար բան էր ընդդիմություն լինելու մասին հայտարարելը». Ծառուկյան

«Եթե խաղ լիներ, ի՞նչ դժվար բան էր ընդդիմություն լինելու մասին հայտարարելը». Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դասական պատկերացումներով քաղաքական գործիչ չէ և չի հավակնում այդպիսին դառնալու: Այս մասին Ծառուկյանն ասել է Zham.am կայքի հետ զրույցում:

«Հայաստանի քաղաքական դաշտն ինքնին  որևէ կերպ չի տեղավորվում դասական պատկերացումների մեջ: Որոշ քաղաքական ուժերի վարած հրապարակային քաղաքականությունն ու ստվերային պայմանավորվածությունները և պարտավորությունները այնպիսի  հակասության մեջ են, որ քաղաքացին իրավացիորեն խորը հիասթափություն է ապրում քաղաքական բոլոր ուժերից և չի վստահում նրանց:  Դասական ձևակերպումներով շատ դժվար, եթե ոչ՝ անհնար է  բնութագրել այսօրվա Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը: Ի՞նչ դասական ձևակերպում տաս արտագաղթի, աղքատության բարձր ցուցանիշներին, բիզնես և ներդրումային մթնոլորտի վատթարացմանը,  համատարած հուսալքությանը:

Հայաստանն ընդհանրապես դասական տիպի քաղաքական համակարգով երկիր չէ» – ասել է ԲՀԿ ղեկավարը:

Նրա խոսքով՝ Հայաստանում մեծ է թշնամանքը, անջրպետն ու անվստահությունը իշխանության և ընդդիմության միջև, ինչն ազդում է նաև մարդկային փոխհարաբերությունների վրա, որից չի շահում ո՛չ երկիրը,  ո՛չ էլ ժողովուրդը:

«Ես իմ բնույթով և իմ տեսակով պարզ ու անկեղծ մարդ եմ, չունեմ թշնամիներ և ուզում եմ գիտակցենք, որ մենք բոլորս գտնվում ենք մեկ նավում և ճակատագրով կապված ենք միմյանց», – ասել է Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդը համոզմունք է հայտնել, որ թշնամանքի այս մթնոլորտը պետք է փոխել, և այս հարցում ԲՀԿ-ն պատրաստ է ստանձնել որոշակի դերակատարում:

«Հավատացեք, սա բարդ և ինչ-որ տեղ նաև անշնորհակալ գործ է, քանի որ այսպիսի մթնոլորտում նման կեցվածքը շատերը չեն հասկանա,  կամ չեն ցանկանա հասկանալ։ Հայաստանյան իրավիճակը հաշվի առնելով է, որ ԲՀԿ–ն մնում է որպես այլընտրանք՝ իշխանությունների վարած քաղաքականությանը։ Եթե ամեն ինչ իրապես խաղ լիներ, ինչպես այսօր  հայտարարում են ոմանք, ապա այդ ի՞նչ մի դժվար բան էր ընդդիմություն լինելու մասին հայտարարություն անելը:

Որտե՞ղ են հիմա նախկին մի խումբ կատաղի ընդդիմադիրները։ Ես անկեղծ եմ ժողովրդի հետ։ Ես իրոք փոփոխություն եմ ուզում,  և ամեն ինչ անում եմ և անելու եմ այդ փոփոխություններին հասնելու համար։ Ես նաև ուզում եմ, որ այդ փոփոխությունները արյունով չլինեն, ցնցումներով չլինեն,  մեր քաղաքացու անվտանգության հաշվին չլինեն։ Մենք տեսել ենք, թե իրենց ընդդիմադիր հռչակած որոշները ինչպես են շատ կարճ ժամանակի ընթացքում հայտնվում հակառակ բևեռի առաջամարտիկների շարքում։ Հիմա ո՞րն է ավելի ազնիվ և արդյունավետ՝ հայտարարել ընդդիմություն, սակայն բացի ճառ ասելուց այլ բան չանե՞լ,  ժամանակ առ ժամանակ  էլ ծառայել իշխանությանը, թե՞ լինել այլընտրանք և առաջ տանել ժողովրդի շահը։ Խոսքս, իհարկե,  բոլոր ընդդիմադիր ուժերին չի վերաբերում։ Փառք Աստծո, դեռ կան առողջ ուժեր և գործիչներ,  ում համար առաջնայինը ժողովրդի շահն է», – հայտարարել է Ծառուկյանը։