Մայիսի 19-ին, ժամը 11:00-ի սահմաններում ուղղաթիռով Նոյեմբերյանի զորամաս է ժամանել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, և սահմանի այդ հատվածում ադրբեջանական զինուժը կրակ է բացել պաշտպանության նախարարին տեղափոխող ուղղաթիռի վրա, որը թռչում էր ցածր բարձրությամբ: Այս մասին aravot.am-ի թղթակցին հայտնել են Վոսկեպար գյուղի բնակիչները:
Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին տեղի ունեցած միջադեպի մանրամասներին ծանոթանալուց հետո (ըստ պաշտոնական վարկածի՝ զինծառայող Լյուքս Ստեփանյանին սպանել էր ծառայակիցը), նախարարն ուղղաթիռով վերադարձել է Երևան:
Aravot.am-ը հարցրել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, թե արդյոք ադրբեջանական զինուժը կրակել է Սեյրան Օհանյանին տեղափոխող ուղղաթիռի վրա: Հովհաննիսյանը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է տեղեկությունը՝ ասելով, որ ուղղաթիռի վրա գնդակների հետքեր չկան: