Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասել է, որ եթե հաշվարկել նաև գազի կալորեականությունը, ապա գազի հայաստանյան գնից ավելի թանկ գին կա միայն Դանիայում: Երկրում գազի թանկացումը, ըստ Բագրատյանի, պայմանավորված է նրանով, որ երկրի 96%-ը գազաֆիկացված է:
«Ձեր վերլուծական հնարավորություններն ինձ ուղղակի զայրացնում են: Այդպիսի բան չկա, որ Հայաստանն ամենաէժան գներով է գազ ստանում: Դուք մոլորեցնում եք Ազգային Ժողովին: Եթե կառավարությունը չխառնվի, գազն ինքն իրեն կէժանանա»,- դիմելով վարչապետին՝ ասել է Բագրատյանը:
Պատասխանելով պատգամավորի դիտարկմանը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը ասել է, որ իրենք պատրաստ են լսել Բագրատյանին և նրա շնորհիվ իրենց վերլուծական կարողությունները հարստացնել:
«Ռուսական կողմը ասում է, որ ամենաէժան գազը իրենք մատակարարում են Բելառուսին և դրանից էժան գին առաջարկել չեն կարող: Մեր սակագինը 30%-ով ավել է ստացվում, քանի որ կատարում են արտահանման ծախսեր»,- ասել է վարչապետը: Ինչ վերաբերում է հանրապետության մեծ մասի գազաֆիկացված լինելուն, Սարգսյանի կարծիքով, դա վատ չէ: