Այս տարի հանրային լողափերը կբացվեն հունիս ամսի երկրորդ կեսին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից, մայիսի 18-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ նախարար Արամ Հարությունյանը այցելել է հանրային լողափների տարածք, ծանոթացել իրավիճակին և հանձնարարականներ տվել «Սևան» ազգային պարկ»-ի տնօրինությանը` հետևել բարեկարգման աշխատանքներին:
Արամ Հարությունյանը ծանոթացել է Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների ընթացքին և հանձնարարել է արագացնել մաքրման աշխատանքների ընթացքը:
«Եթե անհարաժեշտություն կա, որ նախարարությունը միջամտի աշխատանքների ընթացքին, մենք պատրաստակամ ենք օժանդակել ավելի սեղմ ժամկետներում մաքրման աշխատանքներն ավարտին հասցնելու համար»,- Հարությունյանի խոսքերևն է փոխանցում նախարարության մամուլի ծառայությունը:
Աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը պարտավորվել է 15 օրյա հաճախականությամբ զեկուցել կատարված աշխատանքների մասին:
Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրումն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՀՀ պետական բյուջեի միջոցներով: «Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման 2013թ. միջոցառումների տարեկան ծրագրի» համաձայն` Սևանի ափամերձ տարածքների մաքրման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 125400,0 հազար դրամ: