Ազգային Անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում մայիսի 18-ին Երևանում ձերբակալվել են Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր՝ Ռոբերտ Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ:
ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանը ծրագրել, միջոցներ են ձեռք բերել և պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար:
Դեռևս 2013թ. մայիսի 17-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով /մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն/:
Նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:
Համաձայն պաշտոնական հաղորդագրության, ներկայումս նախաքննության մարմինը քննարկում է կասկածյալներին մեղադրանք առաջադրելու, նրանց արարքներին իրավական գնահատական տալու, ինչպես նաև խափանման միջոց ընտրելու հարցերը:
ԱԱԾ մամուլի կենտրոնից News.am-ի հետ զրույցում հաստատել են, որ խոսքը քաղաքագետ, քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանի մասին է:
Հիշեցնենք, որ փետրվար-մարտին Վարդանյանը մասնակցում էր Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին, սատարում վերջինիս շարժմանը:
13 տարի առաջ նա շարժում էր սկսել Ռոբերտ Քոչարյանի իշխանության դեմ:
Վարդանյանին ձերբակալել էին և բաց թողել երկիրը լքելու պարտավորության դիմաց: Նա Հայաստան է վերադարձել անցյալ տարի: