Այսօր ՀՀԿ-ն տապալել է Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծումը, քանի որ նախագիծը լուրջ անհանգստություններ է պատճառել իրավապահ մարմինների և պաշտոնատար որոշ անձանց, ու այդ անհանգստությունը գործադիր մարմնի լծակներով տեղափոխվել է Ազգային ժողով: Հենց այդ անհանգստության հետևանքով էլ օրինագիծը նման ճակատագրի է արժանացել: Այս մասին այսօր ԱԺ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Նա չի բացառել, որ նախագծի քննարկումը ՀՀԿ-ն հատուկ է հետաձգել՝ նախագահական ընտրություններից հետո տեղափոխելով, սակայն հույս է հայտնել, որ մերժումը ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցությունն ի սկզբանե չէր որոշել:
«Եթե այդպես լիներ, հանձնաժողովում էլ ինչ-որ հարցեր «դեմ կտային» նախագծի հեղինակներին, կպարտադրեին զիջումների գնալ, բայց պետաիրավական հարցերի հանձնաժողովում մենք միասնաբար եկանք համաձայնության», – ասել է Ջհանգիրյանը:
Ըստ նրա՝ և՛ Պետաիրավական հանձնաժողովի նախագահի, և՛ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հավաստիացումները նախագծի ընդունման մասին հիմք էին տվել հավատալու, որ այն չի մերժվի, ուստի իր համար անակնկալ էր ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի հայտարարությունը, թե զիջման չգնալու դեպքում, իրենք դեմ կքվեարկեն:
Ջհանգիրյանը հիշեցրել է, որ ԱԺ-ում Մարտի 1-ի հանձնաժողովի նախագիծը քաղաքական մեծամանսությունը մերժել է՝ ասելով, որ համաձայն չէ նախագծի հեղինակների՝ պաշտոնատար անձանց ԱԺ հրավիրելու և պարզաբանումներ պահանջելու մասին առաջարկին:
«Սկզբից պահանջեցին դատավորներին և դատախազներին այդ անձանց ցանկից հանել, ինչը մենք արեցինք: Հետո քաղաքական մեծամասնությունը պահանջեց նաև նախաքննության մարմնի, հետաքննության, ոստիկանության աշխատակիցներից, զինծառայողներից պարզաբանումներ ստանալու լիազորությունը հանելը, ինչը, կարծում եմ, կձախողեր հանձնաժողովի աշխատանքները», – ասել է Ջհանգիրյանը: