ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը շարունակելու է օգնություն ցուցաբերել մարզաշխարհին, և այդ առումով Սպորտի նախարարի պաշտոնում ՀՀԿ-ական Յուրի Վարդանյանի նշանակումը ոչինչ չի փոխում: Այս մասին Ծառուկյանն ասել է Zham.am կայքի հետ զրույցում:
«Ի՞նչ է, ձեզ թվում է, թե նախկինում ես օգնել եմ մեր մարզաշխարհին նախարարների խաթե՞ր, կամ շնորհիվ: Իհարկե` ոչ: Այնպես որ, իմ ծրագրերում այս առումով որևէ բան չի փոխվելու՝ ինչին դուք ականատես կլինեք առաջիկայում», – ասել է Ծառուկյանը:
Նա վստահեցրել է, որ շարունակելու է կառուցել մարզական դպրոցներ, օգնել տաղանդավոր մարզիկներին և մարզիչներին, տաղանդավոր երեխաներին:
«Իսկ եթե հարցին ավելի լայն նայենք, ապա ասեմ, որ Սպորտի նախարարություն Հայաստանին երևի այնքան էլ պետք չէ: Պետական միջոցների խնայողություն կլիներ, և սուղ միջոցները կարելի կլիներ առավել արդյունավետ տնօրինել: Ի դեպ, նույնը վերաբերում է մի քանի նախարարությունների ևս», – ասել է Ծառուկյանը:
Լուսանկարը՝ Aravot.am