«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արված մեջբերումներն իր և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնազրույցից թերի են և ոչ ստույգ: Այս մասին այսօր տարածած հայտարարության մեջ ասել է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
«Աղավաղված է խոսակցության բուն էությունը: Ինչ վերաբերվում է քաղաքական և մարդկային էթիկայի նորմերին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը չուներ բարոյական որևէ իրավունք` խախտելու փակ հանդիպման սկզբունքը և համատեքստից դուրս ներկայացնելու ոչ լիարժեք տեղեկատվություն: Այնուհանդերձ, մենք սա գնահատում ենք որպես պահի տակ արված զգացմունքային անճշտություն, հակառակ պարագայում չենք բացառում հրապարակել առանձնազրույցի ամբողջական ձայնագրությունը, որի արդյունքում իր համակիրների բազմաթիվ հարցերին ստիպված կլինի պատասխանել հենց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նշեմ նաև, որ նրանց հանդիպմանը ներկա են եղել նաև ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանը, Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգությունից»` Հովսեփ Խուրշուդյանը, Ռուբեն Հակոբյանը», – հայտարարել է Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը, մասնավորապես, ասել էր, թե իր հետ ունեցած հանդիպումներում Ծառուկյանը բացառել է, որ երբևէ դեմ կգնա գործող իշխանություններին:
«Պարոն Ծառուկյանն այդ եզակի մարդկանցից է, ով միշտ ինձ հետ եղել է անկեղծ: Եվ այդ անկեղծությամբ ինքը դեմ դիմաց, աչքերի մեջ նայելով արտաբերել է, որ ինքը բացառվում է, որ ինքը երբեք դուրս գա իշխանության դեմ: Եվ ես շատ ուրախ եմ, որ ինքը հրապարակեց իր տեսակետը, որ իր ներքին հավատամքն է, որքան ես եմ իրեն ընկալել», – նշել էր Հովհաննիսյանը: