«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր նախաձեռնած «Նոր Հայաստան» քաղաքացիական ազգային շարժումը կայացնելու նպատակով ամառային ամիսների ընթացքում հանդիպումներ է անցկացնելու մարզերում և սփյուռքում, իսկ արդեն աշնանը փորձելու է որոշակի ձեւաչափ տալ այս շարժմանը: Այս մասին Հովհաննիսյանը հայտարարել է երեկ դահլիճային հանդիպման ժամանակ:
Ինպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ իր գլխավորած կուսակցությունը նոր հանգրվանի մարտահրավերի առջև է կանգնած՝ ինչպես ապահովել համազգային պայքարի միասնական ճակատը:
Մինչ այդ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնում է Միացյալ Նահանգներ, որտեղ ևս հանդիպումներ է անցկացնելու:
Երեկվա հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը պատմել է, որ մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում տոնական միջոցառումների ժամանակ իր և իշխանությունների այցի ժամը համընկել է, և իրեն է մոտեցել ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը:
«Շնորհավորանքի փոխարեն՝ ասաց, որ դու փորձում էիր ինձ գործից հանե՞լ ժողովրդի հետ: Ես ընդհանրապես սովորություն չունեմ նման բաներ բարձրաձայնել, բայց կարծում եմ, որ տեղին է, որովհետև սա նախանշում է մեր պայքարը դեպի հաղթանակ: Ես պատասխանեցի, որ դուք ինչ անում եք իմ և ժողովրդի նկատմամբ, խախտում եք անում, իսկ այն, ինչ ես անում եմ ժողովրդի հետ, անում ենք ուղիղ, շիտակ, հրապարակային», – պատմել է Հովհաննիսյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հովհաննիսյանն անդրադարձել է նաև իր և ԲՀԿ առաջնորդ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանի զրույցին: «Ժառանգության» առաջնորդի խոսքով՝ իր հետ ունեցած հանդիպումներում Ծառուկյանը բացառել է, որ երբևէ դեմ կգնա գործող իշխանություններին:
«Պարոն Ծառուկյանն այդ եզակի մարդկանցից է, ով միշտ ինձ հետ եղել է անկեղծ: Եվ այդ անկեղծությամբ ինքը դեմ դիմաց, աչքերի մեջ նայելով արտաբերել է, որ ինքը բացառվում է, որ ինքը երբեք դուրս գա իշխանության դեմ: Եվ ես շատ ուրախ եմ, որ ինքը հրապարակեց իր տեսակետը, որ իր ներքին հավատամքն է, որքան ես եմ իրեն ընկալել», – նշել է Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը խորհուրդ է տվել Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվել, թե ինչո՞ւ ուշացումով հրապարակայնացրեց այն, ինչն ավելի վաղ ասել էր մասնավոր զրույցներում: Միաժանամակ «Ժառանգության» առաջնորդը ընդգծել է, որ, դատելով «Բարգավաճ Հայաստանի» որոշ ներկայացուցիչների խոսքերից, կուսակցությունում որոշակի ներքին լարվածություն կա այս հարցում:
«Եթե իսկապես մարդիկ կան Բարգավաճում, որ կարծում են, որ պետք է դառնա ընդդիմություն, դա փաստորեն կլինի «Բարգավաճ Հայաստան»` առանց պարոն Ծառուկյանի», – ասել է Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի դիրքորոշմանը, թե անգամ Ծառուկյանի հայտարարությունից հետո ԲՀԿ-ն այնուամենայնիվ ընդդիմություն է, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե ՀԱԿ-ը պետք է տեղավորվի այս նոր իրականության մեջ:
«Ժառանգության» առաջնորդը նաև հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կառուցված եկեղեցու օծմանը մասնակցելու հրավերը ստացել է միջոցառման նախօրեին ուշ ժամի, իսկ ինքն այդ օրվա համար արդեն ծանրաբեռնված գրաֆիկ ուներ. «Եվ դրա համար ես գրավոր շնորհավորեցի պարոն Ծառուկյանին այդ իր նվիրատվության համար և այս առաջիկա կիրակիներից մեկը անպայման կգնամ և պատարագի կմասնակցեմ այնտեղ առանց շոուի, առանց թամաշայի և առանց այդ տխուր տեսարանների, որոնց մենք բոլորս ականատես եղանք»: