Home / Հայաստան / Փաշինյանը ԱԺ-ում հիշեցրել է՝ ինչպես է կառավարությունը կատարում խոստումները. վարչապետը «կատեգորիկ» համաձայն չէր

Փաշինյանը ԱԺ-ում հիշեցրել է՝ ինչպես է կառավարությունը կատարում խոստումները. վարչապետը «կատեգորիկ» համաձայն չէր

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրել է կառավարության ծրագիրը՝ հայտարարելով, որ դա ամենաառարկայական ծրագիրն է որ Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում որևէ կառավարություն ներկայացրել է:

Վարչապետի հետ չի համաձայնել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ առաջարկելով չմոռանալ, թե ինչպես է կառավարությունը իրականացնում իր խոստումները:

Փաշինյանը նախ անդրադարձել է մայիսի սկզբին գրանցված կարկտահարության դեպքերին, որոնց հետևանքով, մասնավորապես, Արմավիրի մարզի գյուղացիները կորցրել են իրենց բերքի մեծ մասը և այժմ բողոքի ակցիաներ են անցկացնում:

«Ինչպե՞ս է ստացվել, որ 105 հակակարկտային կայանները փուստ են տվել», – վարչապետին հարցրել է Փաշինյանը՝ նշելով, որ գյուղերում կատակում են, որ կայանաները, հավանաբար, մասնակցել են մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններից հետո տեղի ունեցած հրավառությանը, որով իշխող կուսակցությունը հաղթանակն էր նշում:

Փաշինյանը նաև հիշեցրել է գյուղացի Ցոլակ Հախվերդյանի դեպքի մասին, ով կորցրել է իր բոլոր խոզերին հիվանդությամբ պայմանավորված հարկադիր սպանդի ժամանակ: Ազգային ժողովում հարցը բարձրացնելուց հետո ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խոսատցել էր, որ փոխհատուցում կտրվի:

Հետագայում Հախվերդյանը դիմել էր ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանին, ով ասել էր, թե խորհրդակցել է վարչապետի հետ, իսկ վերջինս նշել էր, որ այդ հարցը լուծման ենթակա չէ:

«Սա ես ասում եմ, որպեսզի գյուղացիներն իմանան, թե ինչպես է կառավարությունը վերաբերվում իր խոստումներին: Խոստումները գյուղացիների զգոնությունը թուլացնելու համար են միայն», – ասել է Փաշինյանը՝ նշելով, որ իսկական փոխհատուցում ստանալու համար գյուղացին ստիպված է հետևողականորեն պայքարել:

Սարգսյանն ասել է, որ ինքը կատեգորիկ համաձայն չէ Փաշինյանի գնահատականի հետ, և չի կարծում, որ նման դեպքերում պետք է փոխհատուցում տրվի: Վարչապետի խոսքով՝ փոխատուցման փոխարեն տուժածին պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերվի, և պետությունը պետք է աջակցության ձեռք մեկնի հատկապես անապահով տնտեսություններին:

Ինչ վերաբերում է հակակարկտային կայանների չգործելուն, Սարգսյանն առաջարկել է լսել մասնագետների կարծիքը, ովքեր ասում են, որ կայանների արդյունավետությունը 50-ից 60 տոկոս է:

«Դուք խոստումներ եք տալիս տեսախցիկների առջև միայն», – վարչապետին հակադարձել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև անդրադարձել է գազի սակագնի բարձրացմանը՝ նշելով, որ ՀՀ իշխանությունները գիտեին, որ փետրվարին կայացած նախագահական ընտրություններից հետո գազի գինը բարձրանալու է, սակայն չէին հայտարարում այդ մասին, որովհետև ժողովրդից «վստահության քվե էին» ուզում ստանալ:

Պատգամավորի խոսքով՝ այժմ իշխանությունները, բարձրացնելով գազի սակագինը, ժողովրդից «մուռ են հանում»: