Հայաստանում որևէ իշխանություն քաղաքական պատասխանատվություն չի կրում և երբևէ չի կրել: Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը
Պատագմավորն ասել է, որ իրեն հակադարձելու համար կարիք չկա հիշեցնել կոնկերտ դեպքեր, երբ ինչ-որ մեկը պատասխանատվության է ենթարկվել, օրինակ, Վազգեն Խաչիկյանի գործը: Նա նշել է, որ խոսում է քաղաքական և ոչ թե իրավական պատասխանատվության մասին:
«Ի վերջո, ի՞նչ է արել Խաչիկյանը: Նա փորձել է արդարություն հաստատել: Եթե մեռածները կարող են քվեարկել, ինչո՞ւ չեն կարող թոշակ ստանալ (դահլիճում սկսել են ծիծաղել): Ինչո՞ւ եք ծիծաղում», – ասել է Վահան Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ կառավարության ծրագիրն ուղղված է ռեֆորմներ անելու միջոցով իշխանությունը պահելուն, ինչը, ՀՅԴ-անի կարծիքով, չի հերքել նաև վարչապետը:
«Իշխանությունը պետք է լինի միջոց, ոչ թե նպատակ: Եվ հիմա բացարձակապես անիմաստ է խոսելը բանակի վիճակից, «Արմավիայից» կամ կարկուտից, քանի որ նախ և առաջ մենք պետք է խոսենք իշխանության որակից: Եթե ռեֆորմն արվում է իշխանությունը պահելու համար, ապա դրա համար այլ միջոցներ կան: Կա իշխանություն, որը տանկերով և բռնի ուժով է պահվում», – հայտարարել է Վահան Հովհաննիսյանը: