2008 մարտի 1-ին տեղի ունեցած ոճրագործությունը, երբ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իշխանությունները հրաման տվեցին կրակելու սեփական ժողովրդի վրա, ստեղծել է բարոյական ջրբաժան, որը թույլ չի տալու հասարակությանն առաջ շարժվել այնքան ժամանակ, մինչև չեն պատժվել մարդասպանները և նրանց հրաման տված պաշտոնյաները: Այս մասին ասված է ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության հայտարարության մեջ, որն այսօր խորհրդարանում հնչեցրել է խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում ՀՀԿ-ի կողմից Մարտի 1-ի սպանությունների հետ կապված ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ Հայ Ազգային Կոնգրեսի նախաձեռնության մերժմանը:
«Որևէ իշխանություն երբեք չի կարողանա լեգիտիմ լինել և վայելել ժողովրդի վստահությունը, եթե մինչև վերջ պարզված չլինեն սպանությունների հանգամանքներն ու պատժված չլինեն հանցագործները: Այդ է պատճառը, թե ինչու Հայ Ազգային Կոնգրեսը հետևողականորեն հետապնդում է մարտի 1-ի բացահայտման դատը:
Իրավապահ մարմինների ապօրինություններն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողով ստեղծելու՝ Կոնգրեսի օրինագիծը ստացավ հանրության և խորհրդարանում ներկայացված ուժերի լայն աջակցությունը: Հասկանալով նախագծի մերժման պատասխանատվությունը ստանձնելու հետևանքները, ՀՀԿ-ն դեկտեմբերի 3-ին հրապարակային երաշխիք տվեց, որ կհամաձայնվի հանձնաժողովի ստեղծմանը, եթե օրինագծից հեռացվեն քաղաքականացման տպավորություն առաջացնող դրույթները եւ հարցի քննարկումը տեղափոխվի ընտրություններից հետո, նույնպես այն նպատակով, որ նախագահական ընտրությունների նախօրեին հարցը չդառնա քաղաքական շահարկումների առիթ: Հայ Ազգային Կոնգրեսը ղեկավարվելով ճշմարտությունը բացահայտելու անհրաժեշտության գիտակցումով, ինչպես նաև ընդդիմախոսների դիրքորոշումը որևէ տրամաբանական հիմնավորումից զրկելու նպատակով, համաձայնեց ՀՀԿ-ի տված երաշխիքներին:
Մայիսի 20-ին երկարատև բանակցություններից հետո ՀՀԿ-ն բացեիբաց դրժեց իր իսկ հրապարակայնորեն տրված խոստումները, առաջ քաշելով նոր պայմաններ, որոնք արժեզրկում էին հանձնաժողովը որպես ճշմարտության բացահայտման գործիք: Սրանով ռեժիմը ցույց տվեց, որ սարսափում է ճշմարտության բացահայտումից և օրինագծին դեմ քվեարկած պատգամավորների միջոցով իր վրա վերցրեց մարտի 1-ի հանցագործության և նրա պարտակման ամբողջ պատասխանատվությունը:
Ըստ էության, Հայ Ազգային Կոնգրեսը, ելնելով հանրության շահերից և ունենալով ընդդիմադիր այլ ուժերի աջակցությունը, առաջին անգամ ԱԺ-ում պայմանավորվածություն ձեռք բերեց ՀՀԿ-ի հետ: Վերջինիս պահվածքը, սակայն, ցույց տվեց, որ մենք գործ ունենք անսկզբունքային, սեփական խոսքը չհարգող, անհուսալի մի քաղաքական ուժի հետ: Հրապարակայնորեն տրորելով բարոյականության բոլոր նորմերը, ՀՀԿ-ն խաբեց ոչ թե ընդդիմությանը, այլ՝ ամբողջ հանրությանը, որի առջև պարտավորվել էր նպաստել մարտի 1-ի հանցագործության բացահայտմանը: ՀՀԿ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նրա հետ որևէ բանակցություն անիմաստ է: Այսուհետև զարմանալի չէ, որ անգամ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը ձեռք է բերել անհուսալի գործընկերոջ համբավ», – նշում են հայտարարության հեղինակները: