Գյուղնախարար Սերգո Կարապետյանը դիմել է «մասնավոր հատվածին»՝ խնդրելով ֆինանսապես օժանդակել կառավարությանը՝ հանգանակություն կատարելով բացված հաշվեհամարին, որպեսզի Կառավարությունը կարողանա օգնել կարկուտից տուժած գյուղատնտեսներին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Կարապետյանի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը: Նշենք, որ խնդրանքի տեքստն այսօր հրապարակել է GalaTV-ն:
Խոսնակն ասել է, որ այդ հայտարարությունը հրապարակման համար չէր:
Մեր հարցին, թե «մասնավոր հատված» ասելով՝ ինչ նկատի ունի՝ Սմբատյանն ասել է, որ չի մանրամասնի հայտարարության հասցեատերերի ցանկը, սակայն ասել է, որ նամակն ուղարկվել է հիմնականում գործարարների:
«Ստեղծված արտակարգ իրավիճակի թելադրանքով պայմանավորված՝ խնդրում եմ ձեր ֆինանսական աջակցությունը հրատապ միջոցառումներ իրականացնելու համար: Աղետից տուժած գյուղացիական տնտեսություններին աջակցելու գործում բարի կամքի դրսևորման դեպքում, խնդրում եմ հնարավորության սահմաններում և հնարավորնիս սեղմ ժամկետում դրամական փոխանցում կատարել ՀՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հաշվեհամարին»,- մասնավորապես ասված է նախարարի նամակում: