Եթե կառավարության ներկայացրած ծրագիրը փորձել դիտարկել «աճ, թե խնայողություն» բանավեճի համատեքստում, այն միանշանակորեն խնայողության ծրագիր է: Գնահատելով Կառավարության ծրագիրը՝ այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:
«Կառավարությունը նախատեսում է պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովում՝ ՀՆԱ-ի նկատմամբ տարեկան 0.3-0.4 տոկոսային կետի չափով: Սա նշանակում է, որ կառավարությունը տնտեսության իրական աճի (ոչ ներկայացվելիք թվերի) լուրջ ակնկալիք չունի: Սա նաև նշանակում է, որ կառավարությունը որևէ ցանկություն և պատրաստակամություն չունի իրականացնելու խորքային փոփոխություններ, հատկապես՝ հարկային ոլորտում:
Երկրորդ՝ ծրագրում հաջորդ չորս տարում (բացառությամբ «Հյուսիս-հարավ» ճանապարհային նախագծի, որն սկսվել է բավական ուշացումով և շատ դանդաղ է ընթանում) ենթակառուցվածքային մասշտաբային ծրագիր չկա, որը կարող է տնտեսական աճի խթան լինել: Ծրագրից հանված է անգամ նոր ատոմակայանի կառուցման հարցը: Աճին միտված միակ միջոցառումը հուլիսից նախատեսվող նվազագույն աշխատավարձի բարձրացումն է մինչև 45 հազար դրամ, ինչը չի կարող էական խթան լինել տնտեսական աճի համար»,- պարզաբանել է Օսկանյանը:
Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ կառավարությունը այդ կայունությանը ուզում է հասնել և այն պահպանել տնտեսության լճացման ճանապարհով, երբ այդ նույնը կարելի է անել տնտեսական աճի միջոցով:
«Հարկաբյուջետային քաղաքականության մասով. պետք է էականորեն ավելացնել կենսաթոշակներն ու աշխատավարձերը, թեթևացնել փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը և տարեկան առնվազն մեկ-երկու մեծ ենթակառուցվածքային ծրագիր իրականացնել: Սրանց ֆինանսավորումը պետք է իրականացնել հիմնականում բյուջեի ավելի մեծ դեֆիցիտի միջոցով՝ ներքին պարտքի ավելացման և պետպարտատոմսերի թողարկման հաշվին՝ այնտեղ ներգրավելով քաղաքացիների խնայողությունները, Կենտրոնական բանկի միջոցները, ԱՊՊԱ-ից կուտակված գումարները և Կենսաթոշակային կուտակային հիմնադրամից հավաքվելիք միջոցները:Դրամավարկային քաղաքականության մասով. ավելացնել դրամի ծավալները տնտեսության մեջ, նպաստել վարկերի էժանացմանը, թողնել, որ ազգային արժույթի փոխարժեքը ձևավորվի առանց միջամտությունների:
Ահավասիկ, այսպիսի հավակնոտ ծրագիր ներկայացնելու դեպքում մենք միայն կկարողանանք միաժամանակ երկու նպատակ իրականացնել՝ ա) տնտեսական աճի միջոցով նպաստել աշխատատեղերի ստեղծմանը, որը կբերի արտագաղթի էական կրճատմանը, բ) այս հավակնոտ ծրագիրը հաջողությամբ պսակելու համար կառավարությանն այլընտրանք չթողնել, քան իրականացնել խորքային կառուցվածքային փոփոխություններ բոլոր ոլորտներում»,- գրել է Օսկանյանը: