Home / Հայաստան / Կառավարության ծրագրի անիմաստ կետերն ու ուռճացված թվերը՝ ըստ Բագրատյանի

Կառավարության ծրագրի անիմաստ կետերն ու ուռճացված թվերը՝ ըստ Բագրատյանի

ՀՀ կառավարությունն իր ծրագրում չպետք է ներառի այնպիսի կետեր, որոնք բոլորին հայտնի են: Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասել է ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը:

Որպես օրինակ Բագրատյանը մի քանի կետ է նշել: Մասնավորապես, անդրադառնալով ծրագրի այն կետերին, թե պետք է զգոսաշրջությունը զարգացնել, հյուրանոցների ցանցը պետք է մեծանա, ՀԱԿ խմբակցության պատգամավորն ասել է, որ հյուրոնցներ կառուցելը կառավարության գործառույթը չէ: Բացի դա, Բագրատյանի խոսքով, կարիք չկա գրել, թե դատական համակարգի արդյունավետությունը պետք է բարձրացնել, քանի որ դատական համակարգը անարդյունավետ լինել չի կարող, կամ, որ հարկային վարչարարությունը պետք է բարելավել, քանի որ հարկային վարչարարությունը պետք է բարելավել մշտապես: Կարիք չկա կրկնել, որ առողջապահությունը պետք է լինի մարդու համար, քանի որ մարդկությունը դա վաղուց գիտի:

Բագրատյանն ասել է, որ ճիշտ կլիներ, եթե կառավարությունը նման ձևակերպումների փոխարեն, կարգավորեր օֆշորների հարցը, լուծեր ավիացիայի խնդիրը՝ չթողնելով, որ Եվրոպայից Հայաստան չվերթները լինեն 380 դոլարից ավել: Ըստ պատգամավորի՝ պետությունը պետք է նաև կարգավորի սփյուռքահայերի ներդրումները, քանի որ 7 միլիոն հայերը դրսում ապրում են միջինը 18 հազար դոլար ՀՆԱ-ի պայմաններում և պետք է նրանց ներդրումները չվստահել ինչ-որ կազմակերպությունների և համակարգել:

«Ես երախտապարտ եմ նրանց՝ օգնելու համար, սակայն այս պայմաններում նույնիսկ նրանց օգնությունը արգելակում է երկրի զարգացումը», – ասել է Բագրատյանը:

Անդրադառնալով կառավարության ծրագրում նշված գյուղմթերքների արտադրության ծավալներին՝ պատգամավորը ասել է, որ դրանք երեք անգամ ուռճացված են և նման ծավալներ չեն եղել նույնիսկ խորհրդային տարիներին: