Սյունիքի մարզի Ճակատեն համայնքում ապրում է 144 մարդ: Գյուղում ընդամենը 8 աշակերտ է դպրոց գնում, մինչդեռ տարիներ առաջ շուրջ 100 աշակերտ էր հաճախում դպրոց, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթի թղթակիցը տեղեկացել է Կապանից մոտ 10 կմ հեռավարության վրա գտնվող Ճակատենի ղեկավար Արծրունի Հարությունյանից, որ այս տարի գյուղում արդեն մահացել է յոթ մարդ, իսկ վերջին երեխան ծնվել է հինգ տարի առաջ:
«Գնում են, գնում, ամեն օր էլ ընտանիքները գնում են, չեն կարողանում ապրել: Գյուղը դատարկվում է, մնում են ծերերը, իսկ ծերերն էլ մահանում են: Կարամ ասեմ՝գյուղը մարում է:
Ընդամենը երկու երիտասարդ ընտանիք կա: Հիմա էն անճարներն են մնացել, ով որ մի քիչ շանս է ունենում, գնում է», – պատմել է Հարությունյանը:
Նրա խոսքով՝ բոլոր պաշտոնյաներն էլ գիտեն գյուղի վատ վիճակի մասին:
«Մինչև Մոսկվա էլ գիտեն, որ գյուղը մարում է: Բայց ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում: Ոչ բնակիչ կա, ոչ էլ երեխա», – հայտարարել է գյուղապետը:
Գյուղացիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ. «Դա էլ, ինչպես Թումանյանն է ասում, էն էլ հրեն հա՝ երկնքից կախված: Ստեղծած արտադրանքն էլ չեն կարողանում իրացնել, թափում են ու թափում»:
Լուսանկարը՝ vkapane.ru