Տեղեկատվական վեճերի խորհուրդն (ՏՎԽ) այսօր «Ժողովուրդ թերթի խմբագրություն ու լրագրող Սոնա Գրիգորյանն ընդդեմ Խաչիկ Խաչատրյանի» գործով իր կարծիք է հրապարակել: Խորհրդի անդամներն են Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի տնօրեն Մանանա Ասլամազյանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը:
Գործի հանգամանքներին անդրադառնալով՝ ՏՎԽ-ն նշում է, որ 2010 թվականի դեկտեմբերի 11-ին «Ժողովուրդ» թերթի խմբագրությունը հրապարակել էր տեղեկություն, համաձայն որի` ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը տուգանել էր «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի ղեկավար Խաչիկ Խաչատրյանին՝ ֆաբրիկայի կողմից հայկական շուկայում ժամկետանց հավկիթներ իրացնելու համար։ Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» թերթի թղթակից հայցվոր Սոնա Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Խաչիկ Խաչատրյանի հետ, որի ընթացքում վերջինս վիրավորել է լրագրողին՝ նրա հասցեին հնչեցնելով անպարկեշտ արտահայտություն (լրագրողին անվանել է պրաստիտուտկա – խմբ.):
Լրագրողը և թերթի խմբագրությունը հայցադիմումով դիմել են Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Խաչիկ Խաչատրյանի` պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտության համար ներողություն խնդրելու պահանջի հիմքով:
Դատաքննության ընթացքում պատասխանողն ընդունել է լրագրողի հասցեին վիրավորական արտահայտություն հնչեցրած լինելու փաստը, սակայն դատարանից խնդրել է կարճել քաղաքացիական գործը, քանի որ վիճահարույց արտահայտությունը չի ասվել հրապարակայնորեն, այլ մասնավոր հեռախոսազրույցի ընթացքում, մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը, որի հիմքով հայցվորները դիմել էին դատարան, տարածվում էր միայն հրապարակայնորեն հնչեցված խոսքի վրա: Հայցվորները, ի տարբերություն, գտնում էին, որ էական էր այն հանգամանքը, որ վիրավորական արտահայտությունը հնչեցնելու պահին պատասխանողը գիտակցում էր, որ հեռախոսով արտահայտած իր մտքերը հրապարակվելու էին, ինչպես նաև, որ ինքը ձգտում էր հրապարակայնություն հաղորդել իր մտքերին: Նշված հանգամանքները, ըստ հայցվորների, հիմք էին երկկողմանի հեռախոսազրույցի ընթացքում հնչեցված խոսքը հրապարակային համարելու համար:
2013թ. ապրիլի 29-ին դատարանը մերժել է հայցն ամբողջությամբ՝ որոշելով, որ հնչած արտահայտությունը չի կատարվել հրապարակայնորեն, մինչդեռ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը կիրառելի է միայն հրապարակային արտահայտությունների նկատմամբ:
ՏՎԽ-ն նշում է, որ վիրավորանքի և զրպարտության նորմերի ապաքրեականացումից և դրանք քաղաքացիաիրավական հարաբերությունների դաշտ բերելուց ի վեր հնչել են բազմաթիվ կարծիքներ հանրության տարբեր խմբերի կողմից, որ անձի պատիվն ու արժանապատվությունը անհրաժեշտ է պաշտպանել ոչ միայն հրապարակային, այլ նաև զրպարտող ու վիրավորական բնույթի ոչ հրապարակային հայտարարություններից, և որ այդ իմաստով Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը չի տրամադրում իրավական պաշտպանության լիարժեք հնարավորություն:
Այդ մասին իր մտահոգությունն է հայտնել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը 2011թ. հոկտեմբերի 13-ին Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումի մեջ՝ նշելով, որ նման պայմաններում անձինք զրկվում են իրենց «պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը ոչ հրապարակային արատավորելու դեպքերում իրավական պաշտպանության հնարավորությունից»: Ի պատասխան Մարդու իրավունքների պաշտպանի՝ վերը արտահայտած մտահոգությանը, Սահմանադրական դատարանը ՍԴՈ-997 որոշման մեջ արտահայտել է կարծիք, ըստ որի՝ նշված հանգամանքը «ոչ թե օրենսգրքի տվյալ հոդվածի, այլ ընդհանուր իրավակարգավորման բաց է, և այն հաղթահարելու համար ՀՀ Ազգային ժողովն իր իրավազորության շրջանակներում առանձին քննարկման առարկա պետք է դարձնի ոչ հրապարակային վիրավորանքից պաշտպանության իրավական կանոնակարգման խնդիր»:
ՏՎԽ-ն ընդգծում է, որ անցել է արդեն տևական ժամանակ, սակայն Ազգային ժողովը դեռ չի կատարել Սահմանադրական դատարանի որոշումը: Առկա է օրենքի բաց, որի պայմաններում քաղաքացիները, այդ թվում նաև լրագրողները, զրկված են իրավական պաշտպանության հնարավորությունից:
Խորհուրդը նաև ընդգծում է, որ հայտնի չէ որևէ իրավական նորմ, որի հիմքով քաղաքացիները կարող են հայցել իրավական պաշտպանություն վիրավորական կամ զրպարտող բնույթի ոչ հրապարակային հայտարարություններից:
Հաշվի առնելով վերը նշվածը, ՏՎԽ-ն.
Կոչ է անում Ազգային ժողովին կատարել Սահմանադրական դատարանի ՍԴՈ-997 որոշումը և իր իրավասության շրջանակներում քննարկման առարկա դարձնել ոչ հրապարակային վիրավորանքից պաշտպանության իրավական կանոնակարգման խնդիրը:
- Հաշվի առնելով Ազգային ժողովի անգործությունը, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ՍՊԸ-ի և լրագրողի կողմից առաջին ատյանի դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու պարագայում` կոչ է անում վերաքննիչ դատարանին կասեցնել գործի վարույթը և դիմել ՀՀ սահմանադրական դատարան ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի «§2.1. Պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները» պարագրաֆի սահմանադրականությունը վիճարկելու դիմումով, այնքանով որքանով չի նախատեսում անձին հասցված ոչ հրապարակային վիրավորանքից պաշտպանության միջոց: