Չնայած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր չլինելու մասին հայտարարությանը, անհանգստությունը ԲՀԿ գործարարների շարքում չի մարում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ երկուշաբթի խորհրդարան եկած Ծառուկյանը ԲՀԿ խմբակցության նիստ է հրավիրել ու ասել, որ դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին:
«Գործարարներն այդ որոշումից դժգոհ են մնացել, այդուհանդերձ, բառ չեն ասել, բայց պատերի տակ ՀՀԿ իրենց ընկերներին բողոքել են. «Ո՞նց կարանք դեմ քվեարկենք, հերներս կանիծեն, պրոստո չենք մասնակցի քվեարկությանը, կթռնենք»: ԲՀԿ ֆրակցիայի նիստում Գագիկ Ծառուկյանն ասել է՝ «մենք ոնց եղել ենք, ըտենց էլ մնալու ենք` այլընտրանք», կոշտ ընդդիմություն չենք լինելու, ես հարցազրույց եմ տվել` «ընդեղ ամեն ինչ ասել եմ»», – գրում է թերթը:
«Հրապարակ»-ը նշում է, որ ընդդիմադիր չլինելու այս մտքին ընդդիմացել է Գուրգեն Արսենյանը, ասելով` ես ունեմ իմ դիրքորոշումը, ես ընդդիմություն եմ: Վարդան Օսկանյանը ձայն չի հանել:
«Ծառուկյանին այս մոտեցումը դուր չի եկել, հասկացրել է` անցանք առաջ: Քվեարկությունների ժամանակ ԲՀԿ-ականները նկատել են, որ Արսենյանը խմբակցությունից տարբեր քվեարկություն է իրականացնում. ի տարբերություն իրենց, հիմնականում քվեարկում է դեմ կամ ձեռնպահ», – հավելում է թերթը: