Home / Հայաստան / Ոստիկանությունը ծնողներին կոչ է անում Վերջին զանգի օրը երեխաներին մեքենա չվստահել

Ոստիկանությունը ծնողներին կոչ է անում Վերջին զանգի օրը երեխաներին մեքենա չվստահել

Ոստիկանությունը «Վերջին զանգը» օրը՝ մայիսի 24-ին, ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթներն ու շատ խիստ է լինելու համակեցության կանոնների և օրինականության խախտման ցանկացած դրսևորման հանդեպ: Այս մասին ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

«Այդ խստությունը ոմանց կարող է նույնիսկ անհարկի թվալ, բայց մենք այլ կարծիքի ենք. ավելի լավ է մեզ քննադատեն խստության համար, քան սթափվենք, երբ դժբախտությունն արդեն պատահած կլինի…»,- նշում են հաղորդագության հեղինակները:

ՀՀ ոստիկանությունը հանրապետության տարածքում կազմակերպվելիք հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին, կոչ է անում ուշադիր լինել երեխաների հանդեպ, ձեռնպահ մնալ նրանց ավտոմեքենա վստահելուց, զերծ պահել ոգելից խմիչքների օգտագործումից:

«Կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև: Մեր երեխաներն առաջին քայլն են անում ինքնուրույն կյանքի ճանապարհին. անե՛նք ամեն ինչ, որ այդ քայլը միշտ պայծառ հիշվի», – ասված է հաղորդագության մեջ: