Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակվում է ՀՀ տարբեր բնակավայրերից առողջական խնդիրներով զինծառայողների հետ կապված ահազանգեր ստանալ ծնողների կողմից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, մասնավորապես, ներկայացնում է դեպքերից մեկը.
«2012-ի դեկտեմբերի 26-ին Լոռու մարզի Աքորի գյուղից զինված ուժեր զորակոչված Սևակ Թոմոյանը զորակոչի ընթացքում Ալավերդու զինկոմիսարիատից մի քանի անգամ ենթարկվել է բուժզննության հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից:
Դեռևս մանկական հասակում ունենալով առողջական խնդիրներ՝ քթի կոտրվածք, որը մշտապես դժվարացրել է շնչառությունը, հևոցներ, գլխացավեր, ճնշման տատանում, որի արդյունքում անընդհատ քթից արյունահոսություն է ունեցել, Սևակ Թոմոյանը ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության համար: Վերջինս, զինվորական ծառայության է անցել ԼՂՀ Մարտունու 36534 զորամասում: Զինվորական երդման արարողության օրը՝ 2013 թ-ի հունվարի 31-ին, առողջական խնդիրների պատճառով, մասնավորապես, բարձր ջերմությամբ, տեղափոխվել է բուժկետ: Պարզվել է, որ նա հիվանդացել է ջրծաղիկով և նույն օրը ծանր վիճակում տեղափոխվել է Խոջալուի հիվանդանոց, որտեղ տասնչորս օր բուժում է ստացել և վերադարձել զորամաս: Զորամասում շարունակվել են այս անգամ էլ ճնշման տատանումները, որի հետևանքով ուշաթափություն և քթի արյունահոսություն է ունեցել:
Հաշվի չառնելով զինծառայողի վիճակը՝ 21 օր հետո նրան ուղարկել են զորամասում հերթապահություն իրականացնելու, սակայն, ընկնելով անձրևի տակ՝ նրա ջերմությունը կտրուկ բարձրացել է և գրեթե անգիտակից վիճակում տեղափոխվել է Մարտունու հիվանդանոց: Զինծառայողի մոր՝ Սիրանույշ Թոմոյանի հավաստմամբ՝ ի վիճակի չլինելով համապատասխան բժշկական օգնություն տրամադրել 4-5 օր շարունակ, որդուն տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղ արդեն նա կորցրել է գիտակցությունը վերականդանացման բաժանմունքում, և թթվածնային բալոնի օգնությամբ գրեթե մահամերձ վիճակում նրանտեղափոխել են Երևանի Մուրացանի հոսպիտալ: Բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նրա մոտ առկա է երկկողմանի թոքաբորբ, թոքերի ձախ խոռոչի մեջ ջուր է հավաքվել և առաջացել են բարդություններ: 2013 թ-ի մարտի 13-ին վիրահատել են, կատարել են ձախ խոռոչի դրենաժավորում և շարունակել դեղորայքային բուժումը:
Մի քանի օր վերակենդանացան բաժանմունքում գտնվելուց հետո բուժումը շարունակվել է, իսկ սույն թվականի ապրիլի 15-ին զինծառայողը ուղարկվել է մայրական խնամքի: Մայիսի 2-ին կրկին տեղափոխվել է Մուրացանի հոսպիտալ, որտեղից արդեն երկու օր առաջ դուրս է գրվել, սակայն չի տեղափոխվել զորամաս ՀՀ պաշտպանության նախարարին մոր կողմից հասցեագրված նամակի արդյունքում:
Այժմ գտնվելով Մուրացանի հոսպիտալում՝ Սևակ Թոմոյանը չի ստանում որևէ բուժում, սակայն գանգատվում է ընդհանուր թուլությունից և վատ շնչառությունից»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Թոմոյանի առողջական վիճակի վատթարացման մեջ ամբողջովին պատասխանատու է համարում պաշտպանության նախարարությանը, գտնում է, որ չի իրականացվել պատշաճ բժշկական զննություն զինվորական ծառայությանը Թոմոյանին պիտանի ճանաչելու նպատակով:
«Հաշվի առնելով զինծառայողի առողջական վիճակի պարբերական վատթարացումը և փաստացի նրա կողմից զինվորական ծառայությանը ոչ պիտանի լինելը՝ պահանջում ենք անհապաղ զորացրել Թոմոյանին և ապահովել ՀՀ պաշտպանության նախարարության միջոցներով վերջինիս բուժումը», – նշված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարության մեջ: