ԱԺ-ի թե մեծամասնությունը, թե փոքրամասնությունը պատասախանատվություն են կրում ժողովրդի կողմից ստացած ձայների համար: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ հորդորելով ԱԺ պատգամավորներին դուրս գալ ընտրարշավի տրամաբանությունից և ընդունել ընտրությունների արդյունքները, ինչպիսին դրանք կան:
Ըստ Հակոբյանի՝ երկրի կարևորագույն մարտահրավերը անվտանգության ապահովումն է: Այս համատեքստում, ըստ նրա, անընդունելին են բանակի մասին արված որոշ արտահայտություներ:
«Երեկ եղան բազում հայտարարություններ այն մասին, թե զինվորները ստրուկ են: Դա մոլորություն է: Բանակը չպետք է քաղաքական շահարկումների առարկա դառնա, այնքան ենք խոսում, որ անցնում ենք ազգային անվտանգության սահմանը»,- ասել է Հրանուշ Հակոբյանը:
Սփյուռքի նախարարը դրական է գնահատել նաև այն, որ Կառավարությունն իր ծրագրում ուշադրություն է դարձրել Հայաստան–սփյուռք դինամիկ զարգացմանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը ևս հայտարարել է, որ երեկ ԱԺ-ում բացասական էներգետիկա կար:
Նա հորդորել է չմոռանալ, որ Կառավարության ծրագիրը քաղաքական փաստաաթուղթ է, և անձնական բնույթի գնահատականներ չպետք է հնչեն:
«Կարիք չկա ասել՝ Կառավարությունում քաղաքական դեմքեր են, թե՝ ոչ: Պետք է հասկականք՝ պրոֆեսիոնալներ են, թե ոչ: Եթե չկարողանան իրականացնել ծրագիրը, առաջին քննադատողը ես եմ լինելու»,- ասել է Եսայանը: