Վրաստանի «Իմեդի» հեռուստաընկերության ղեկավար Մարգարիտա Ախվլեդիանիին բերման են ենթարկել Բաքվի օդանավակայանում Թբիլիսիից ժամանելուց հետո: Նրան արգելել են Ադրբեջան մուտք գործել, քանի որ Ախվլեդիանիի անձնագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու մասին կնիք են տեսել: Այս մասին հաղորդում է contact.az-ը՝ հղում կատարելով Facebook սոցիալական ցանցում առկա հաղորդումներին:
Ադրբեջանում Վրաստանի դեսպանությունը և Ադրբեջանի սահմանային ծառայության ներկայացուցիչները առայժմ չեն մեկնաբանում իրավիճակը:
Անցյալ շաբաթ պաշտոնական Բաքուն հայտարարել էր, որ բոլոր այն անձինք, ովքեր «այցելում են օկուպացված տարածքներ առանց Ադրբեջանի թույլտվության» պերսոնա նոն-գրատա են հայտարարվելու: