ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալ է Ազգային ժողովի պատգամավորներին՝ Կառավարության ծրագրի շուրջ վերջին երեք օրվա ընթացքում ծավալված շահագրգիռ և օգտակար քննարկումների համար:
Այսօր Ազգային ժողովում հնչեցրած ծրագրի քննարկումներին վերաբերող իր ամփոփիչ ելույթում Սարգսյանն ասել է, որ կառավարությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև:
«Նայում ենք՝ ապագա 4-5 տարիներին ինչպիսի զարգացումներ են տեղի ունենալու և մեր ծրագիրն ինչպիսի Հայաստան է կերտելու: Այդ տեսակետից, ես նույնպես ուզում եմ անդրադառնալ մեր անցած ճանապարհին: Այս դահլիճում գտնվում են մարդիկ, որոնց հետ մենք սկսել ենք շարժումը 1988 թվականից և այս տարիների ընթացքում շատ բաներ ենք տեսել, ու մենք պարտավոր ենք դասեր քաղել այս անցած ճանապարհից: Ես, լինելով Գերագույն խորհրդի նախագահության անդամ, հինգ տարի եղել եմ ընդդիմության շարքերում և Լևոն Զուրաբյանի այն բոլոր հայտարարություններն՝ իշխանության ցինիզմի, լկտիության, ամենաթողության մասին՝ զգացել եմ իմ վրա: Եվ համար մեկ դասը, որ ես ինձ համար քաղել եմ՝ կայանում է հետևյալում. իշխանությունը պարտավոր է լսել ընդդիմությանը նույնիսկ, եթե այդ ընդդիմությունը պառակտված է, փոքրաթիվ և թույլ: Դա իշխանության պարտավորությունն է, որովհետև ընդդիմությունն առաջ է քաշում գաղափարներ, որոնք օգտակար կարող են լինել: Մեր պարտավորությունն է տեսնել գլխավորը, միևնույն ժամանակ, գլխավորի շուրջ համախմբվել: Երկրորդայինի մեջ, այո, պետք է լինել ազատ, պետք է մեզ քննադատեն:
Երկրորդ դասը, որ ինձ համար քաղել եմ՝ հետևյալն է. առանց ուժեղ ընդդիմության՝ չի կարող լինել ուժեղ պետություն, քանի որ ուժեղ ընդդիմություն, առաջին հերթին, նշանակում է այլընտրանք: Ընդդիմությունը պետք է նայի դեպի ապագան և առաջարկի ծրագրեր, եթե համաձայն չէ մեր ծրագրերի հետ: Դա նշանակում է բանավեճ՝ ապագայի նկատմամբ: Մենք բոլորս կշահենք դրանից: Բայց եթե ընդդիմությունը որդեգրում է քաղաքականություն, որով ներկայացնում է միայն մեղադրանքներ, հերյուրանք, դա ճանապարհ է՝ դեպի անցյալ, այլ ոչ թե դեպի ապագա:
Երրորդ դասը. իշխանությունը պարտավոր է խոստովանել սեփական սխալներն ու բացթողումները: Դա է երաշխիքը, որ մենք այդ սխալները կուղղենք և կգնանք առաջ: Բայց դա ամենևին չի նշանակում, որ եթե մենք խոստովանում ենք այդ սխալները, ընդդիմությունը մեզ պետք է վերագրի բաներ, որոնք մենք չենք արել, մեզ վերագրի մտքեր, որոնք մեր մտքերը չեն: Դա լավ ճանապարհ չէ», – հայտարարել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է, որ չորրորդ դասը, որ ինքն իր համար քաղել է հետևյալն է. իշխանափոխությունը չէ մեր երկրի հիմնական խնդիրը:
«Իշխանափոխությունը չէ այն հիմնարար խնդիրը, որի լուծումը մենք ձեզ հետ միասին պետք է գտնենք, այլ` ապագայի տեսլականը, համոզմունքը և կամքը: Ով ունի ապագայի տեսլական, ով ունի համոզմունք և կամք, նա էլ կլինի Հայաստանի Հանրապետությունում իշխանություն…
Պարզունակ լուծումներ չկան, հարգելի գործընկերներ, իսկ մարտահրավերները, նոր վտանգները և ռիսկերը, որոնք առկա են աշխարհում, տարածաշրջանում, պարբերաբար դրսևորվելու են:
Հինգերորդ իմ համոզմունքը և դասը, որ քաղել եմ, կայանում է հետևյալում. առանց համագործակցության չի կարող իրականացվել ոչ մի տեսլական: Բայց, միևնույն ժամանակ, համաձայն եմ իմ գործընկերների հետ, որ համագործակցությունը չի կարող պարտադրվել: Մեր ծրագրի նախաբանում գրված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր ծրագիրը մշակելիս հիմք է ընդունել մեր կուսակցությունների նախընտրական ծրագրերը, այդ թվում ընդդիմության ծրագրերում առկա այն գաղափարները, որոնք համադրելի մեր գաղափարների հետ և դա նույնպես համագործակցության ձև է», – ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ «մեր երկրի նախագահը կողմնակիցն է համագործակցության և դա նրա քաղաքական գաղափարախոսության հենքն է»:
Վարչապետն ընդգծել է, որ քննարկումների երեք օրերի ընթացքում ինքը տեսել է, որ դահլիճում տեղի է ունեցել մտածողության փոփոխություն:
«Մտածողության հեղափոխությունը սկսվեց այս դահլիճից, և ես ձեզ շնորհակալ եմ դրա համար», – իր ելույթը եզրափակել է կառավարության ղեկավարը: