Երեկ Արմավիրի մարզ մեկնած վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Արշալույս գյուղի մերձակայքում գտնվող հակակարկտային կայան: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության կայքը, վարչապետն Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան մասնագետներին փոխանցել է գյուղացիների այն մտահոգությունը, որ կարկուտի օրը կայանները չեն աշխատել, և դրանք ընդհանրապես արդյունավետ չեն։
ԱԻՆ մասնագետները Տիգրան Սարգսյանին հավաստիացրել են, որ դրանք արդյունավետ են, սակայն կան կայաններ, որոնք չեն գործել կարկուտի օրը, քանի որ համայնքային սեփականություն են և միացված չեն ընդհանուր համակարգին:
«Վարչապետը հանձնարարել է Արմավիրի մարզպետին անհապաղ միջոցներ ձեռնարկել համայնքային կայաններն ԱԻՆ-ի շահագործմանը հանձնելու համար, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն։ Այնուհետև վարչապետն այցելել է նույն գյուղում գտնվող կարկտահարությունից տուժած դաշտեր, որտեղ բերքը ոչնչացվել է 100 տոկոսով:
Մրգաշատ գյուղում կառավարության ղեկավարը հանդիպել է գյուղացիների հետ, ովքեր ներկայացրել են իրենց հուզող խնդիրները։ Գյուղացիներն օգնություն են խնդրել վարչապետից, քանի որ ունեն վարկային պարտավորություններ և նման պայմաններում չեն կարող կատարել դրանք: Ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ արդեն իսկ կա համապատասխան հանձնարարություն և Կենտրոնական բանկը բանակցում է առևտրային բանկերի հետ: Վարչապետի տեղեկացմամբ՝ ամենասեղմ ժամկետներում բոլոր վարկառուների համար անհատական մոտեցման սկզբունքով կերկարաձգվեն վարկերի մարման ժամկետները, բանկերը կվերանայեն տոկոսադրույքները, դոլարային վարկերը կվերածվեն դրամայինի: Ամբողջ ընթացքում Կենտրոնական բանկում կգործի թեժ գիծ՝ բոլոր հարցերն առավել օպերատիվ լուծելու համար», – նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Կառավարության ղեկավարը նաև հայտարարել է, որ կտա համապատասխան հանձնարարականներ և բոլոր տուժած անձինք կազատվեն հողի հարկից:
Սարգսյանը նաև աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ։
Խորհրդակցության ավարտին Տիգրան Սարգսյանն առավել անապահով գյուղատնտեսների հետ անհատական կարգով քննարկել է վերջիններիս խնդիրները և խոստացել, որ դրանց լուծման ուղղությամբ գործողությունները կլինեն իր անձնական ուշադրության ներքո:
«Ուշ երեկոյան ավարտված խորհրդակցության արդյունքում որոշվել է.
1. Կարկուտից տուժած 46 համայնքների բնակիչները հողահարկ չեն վճարի, իսկ մասնակի տուժած համայնքների դեպքում՝ հողահարկի 50 տոկոսը կվճարի պետությունը։
2. Նույն սկզբունքը կգործի նաև ջրի վարձավճարի դեպքում։
3. Գյուղացիներին տրամադրվելու է սերմացու, պարարտանյութ և դիզվառելիք։
4. Յուրաքանդյուր գյուղացու նկատմամբ ցուցաբերվելու է անհատական մոտեցում։ Վարկեր վերցրած գյուղացիների վարկերի և դրանց տոկոսադրույքների մարումն ըստ անհրաժեշտության և իրավիճակի սառեցվելու է որոշակի ժամկետով:
5. Գյուղացիների դոլարային վարկերը կփոխարինվեն դրամայինի՝ պետության սուբսիդավորմամբ։
6. Վարչապետի հանձնարարականով մարզի բոլոր գյուղերում կտեղադրվեն հակակարկտային կայաններ և դրանք կղեկավարվեն մեկ կենտրոնից:
7. Վարչապետի հանձնարարականով սոցիալական հատկապես սուր խնդիրներ ունեցող գյուղացիներին կտրվի դրամական միանվագ օգնություն», – ասված է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ։