Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու՝ Կարեն Եսայանի սպանության գործով հերթական դատական նիստը: Հիշեցնենք, որ սպանության մեջ մեղադրվում է Հարություն Սարգսյանը, ով հանդիսանում է Անիի շրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին:
Asparez.am-ի փոխանցմամբ` երեկ դատարնում ցուցմունք է տվել սպանվածի հայրը՝ Ռազմիկ Եսայանը: Եսայանն իր ցուցմունքում ասել է, որ Սարգսյանները նախկինում խնդրել էին Վարդան Ղուկասյանից նրա դստեր ձեռքը և մերժվել, ինչը, ըստ հոր, հավանաբար վիրավորական էր թվացել Սարգսյաններին:
«Երևի ինքն իրա մեջը մտածել է վրեժխնդիր լինի, թե՝ ինչ, ոչ մեզնից, երևի Ղուկասյաններից: Մեզնից վրեժխնդիր լինելու բան չկար»,- ասել է վկան՝ նկատի ունենալով Հարություն Սարգսյանին:
Վկան նաև իր դժգոհությունն է հայտնել դատախազությունից և քննչական գլխավոր վարչությունից, որոնք, ըստ նրա, գործի թերի են դատարանին հանձնել:
«Գործը մնացել է առաջի օրվա դրությամբ: Դատախազությունը կամ չվերահսկեց, կամ՝ չկարողացավ, ոնց-որ ազատ ունկնդրի, դիտորդի դերում լինի, իսկ ոստիկանությունը, քննչական վարչությունը ոչ մեկին չհայտնաբերեց», – ասել է Ռազմիկ Եսայանը՝ դատարանին խնդրելով գործը հետ ուղղարկել քննության, որպեսզի հայտնաբերվեն գործի բոլոր մասնակիցները:
Asparez.am-ը նշում է, որ դատական նիստի ընթացքում վիճաբանություններ են տեղի ունեցել: Ինչպես նախորդ նիստերին, այս անգամ ևս կողմերը տեղից միմյանց ուղղված ինչ-որ խոսքեր ուղղում, ժեստեր անում, վկայի ամբաստանյալին տված որակումները՝ ոճրագործ, մարդասպան, առիթ էին հանդիսանում վիճաբանության:
«Մյուս անգամ չկրկնեք էդ բառերը: Երբ որ կպարզեք, թե ով է ձեր որդուն սպանել…, այո դաժանաբար է սպանվել: Ինչո՞ւ եք ինձ մարդասպան ասում, երբ որ կպարզեք, թե ով է՝ թող չդատեն՝ վառեն», – տեղից ասել է Հարություն Սարգսյանը, ինչի համար նախազգուշացում է ստացել դատավորից:
Հաջորդ դատական նիստը կկայանա այսօր: