Ուելսի արքայազն Չարլզը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր: Արքայազնի այցի մասին պաշտոնապես հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը:
Համաձայն դեսպանատան հաղորդագրության՝ արքայազնը կլինի Արքայական ընտանիքի առաջին անդամը, ով այցելու է Հայաստան: Նա այստել է լիենելու մայիսի 28-ից մինչև 30-ը և այցելելու է Հայաստանի կարևորագույն պատմական հուշարձանները, ներկա է գտնվելու գալա համերգին և ընթրիքին, որը տրվելու է ի նպաստ մայրաքաղաք Երևանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված բարեգործական աշխատանքին:
Դեսպանատունը տեղեկացնում է, որ «Երևան, իմ սեր» ծրագրի հիմնադիրը Արմեն Սարգսյանն է` Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետը և անկախացած Հայաստանի առաջին դեսպանը Լոնդոնում:
«Սա ճարտարապետական ժառանգության վերածնման նախագիծ է զուգորդված լուրջ հասարակական ազդեցության ծրագրերով, որը վերականգնելու է պատմական նշանակություն ունեցող շենքերը Երևանում, հարմարեցնելով դրանք նորովի օգտագործման համար բարեգործական նպատակով:
Այս առումով «Երևան, իմ սերը» շատ նման է «Դամֆրիների տուն» ճարտարապետական ժառանգականությանն ուղղված բարեգործական ծրագրին Շոտլանդիայում, որին անձամբ աջակցում է Ուելսի արքայազնը: Այն ոչ միայն վերստեղծում է շրջակա միջավայրը, այլև որպես ժառանգություն փոխանցվում ապագա սերունդներին», – ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Հայաստանյան այցելության ընթացքում Արքայազնը կայցելի Մատենադարան:
Ուելսի Արքայազնը և Արմեն Սարգսյանը հանդիպում են ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր նստավայրում:
Արքայազնն այցելելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, նաև ներկա է գտնվելու Երևանի Օպերայի տանը կայանալիք համերգին, որին հաջորդելու է ընդունելություն և գալա ընթրիք ի պատիվ «Երևան, իմ սեր» ծրագրի նվիրատուների: Բարեգործությունը նախատեսում է Երևանի Կոնդ համայնքում` Սբ. Հովհաննես եկեղեցու հարևանությանբ վերակառուցել պատմական 3 շենք, որոնք Մոր և Մանկան ապաստան կլինեն անապահով ընտանիքների համար, նաև մսուր առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար և համայնքային գործունեության կենտրոն:
Լուսանկարում՝ Արքայազն Չարլզը և Արմեն Սարգսյանը