Կարկուտը Արմավիրի մարզում 20-25 միլիոն դրամի վնաս է հասցրել, սակայն գյուղացիներին կտրվի 2-3 միլիոնի ֆինանասական աջակցություն: Այս մասին այսօր ԱԺ-ում կարկուտի վնասների վերացմանն ուղղված քննարկման ժամանակ ասել է գյուղնախարար Սերգո Կարապետյանը:
Իր ելույթում Կարապետյանը նշել է, որ վերջնականապես հաշվարկվել են կարկուտի վնասները (տուժել է 46 համայնք, 11100 հա տարածք) և որոշվել է տուժած տնտեսություններին անհատական մոտեցմամբ աջակցություն ցուցաբերել:
Նախարարի խոսքով՝ 100% ջրի ու հողի հարկերից ազատվելու են այն տնտեսությունները, որոնք 100% վնաս ես կրել:
«Վարկերի հարցում անհատական մոտեցում պետք է ցույց տրվի, օրինակ՝ եթե մարդը մշակում էր այգի, որը այլևս երեք տարի բերք չի տալու, նրա վարկի մարումը պետք է հետաձգվի երեք տարով»,- ասել է նախարարը:
Ինչ վերաբերում է հակակարկտային կայանների հարցին՝ Կառավարությունը որոշել է 50 հակակարկտային կայաններ ավելացնել Արմավիրում, իսկ գոյություն ունեցող կայանները կվերանորոգվեն և կղեկավարվեն մեկ կետից: Այդ աշխատանքների համար հատկացվելու է 350 միլիոն դրամ:
Գյուղնախախարն ասել է, որ անապահով ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար գործարարները ներդրումներ են կատարում գյուղատնտեսների աջակցման հիմնադրամում:
«Դիմել ենք գործարար աշխարհին, հիմնականում վերամշակողներին, բոլորը պատրաստակամություն են հայտնել ներդրում ունենալ գյուղացիներին ֆինանսական աջակցություն տալու համար», – ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ գյուղացիներին օգնելու համար հաշվեհամար է բացել նաև Արմավիրից ընտրված պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը: