Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը այսօր չի հանդիպի ՀՀ զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերին, թեև կայանալիք հանդիպումը նախաձառնել էր հենց զինդատախազությունը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է բանակում զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը (լուսանկարում) : Նա հիշեցրել է, որ անցյա շաբաթ զոհվածների մայրերին զինդատախազի հետ հանդիպելու առաջարկ էր արել ՀՀ կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը:
Նա մայիսի 18-ին Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասել է, որ մայիսի 24-ին ժամը՝ 15.00-ին, զինդատախազը կընունդի ծնողներին: Նրանք պատասխանել էին, որ պատրաստ են հանդիպմանը, միայն եթե իրենց հետ գա նաև գոնե մեկ լրագրող:
Պայմանավորվածության համաձայն՝ մայրերը զանգահարել են զինդատախազություն, սակայն նրանց ասել են, որ կարող են չգալ ժամը 15-ին, քանի որ զինդատախազը Հայաստանում չէ:
«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ նրանք հանցագործ են, քանի որ փորձում են կոծկել հանցագործությունը», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Իրինա Ղազարյանը:
Նա հավելել է, որ անձամբ ինքը իր որդու գործով բազում նամակներ, միջնորդություններ է գրել Կոստանյանին, սակայն որևէ պատասխան չի ստացել:
«Եթե ինչ-որ բան սխալ է, թող ասեն՝ սխալ ես գրել, սակայն որևէ արձագանք չեն տալիս, նշանակում է՝ ծանոթ չեն գործին, չեն կարդում միջնոդրություններս»,- ասել է Ղազարյանը: