Հայաստանում բարձրացված գազի գինը հնարավոր է նվազեցնել մի ճանապարհով` եթե գործել երկրում քաղաքական գործընթացներից դուրս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամ Արամ Գրիգորյանը՝ նշելով, որ «ՀայՌուսգազարդ»-ը շահագործման ուռճացված ծախսերի և աշխատավարձերի բարձրացման հարց է ներկայացրել: Հիշեցնենք, որ, մասնավորապես, 1 խորհանարդ մետր գազի գինը ֆիզիկական անձանց համար բարձրանալու է 24 դրամով և կազմելու է 156 դրամ: 8 դրամով թանականալու է էլեկտրաէներգիան:
«Հանձնաժողովին (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ) -խմբ.) վճարում ենք մենք՝ սպառողներս, ու վճարում ենք, որպեսզի ինքը քաղաքականությունից ազատ գործի, իսկ հանձնաժողովն այսօր գտնվում է քաղաքականության լծի, պարտադրանքի տակ», – ասել է բանախոսը:
Նրա խոսքով՝ քաղաքացիական ակտիվիստների խնդիրներից մեկն էլ լինելու է փորձել հանձնաժողովին դուրս բերել քաղաքական դաշտից, որպեսզի ինքը հստակ որոշում կայացնի ի նպաստ սպառողների:
«Առաջին պահանջը լինելու է իրավական գործընթացները բերել օրենքի դաշտ, որը պետք է նպաստի գազի սակագնի նվազմանը», – ասել է Գրիգորյանը:
Նա ընդգծել է, որ այս ամբողջ գործընթացի մեջ ինչ-որ բան է թաքնված, ու իրենց նպատակը դա բացահայտելն է:
«ՀՀ վարչապետը հայտարարեց, որ գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, էներգետիկայի նախարարն ասաց, որ գազի գնի բարձրացման որևէ խնդիր չկա, սակայն «ՀայՌուսգազարդը» բերում է հայտ, որտեղ կա ակնհայտ գնի աճ, ու սա նշանակում է, որ այստեղ ինչ-որ բան այնպես չէ», – նշել է Գրիգորյանը:
Նույն նախաձեռնության անդամ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն էլ ասել է, թե Հանրապետական կուսակցությունը գների բարձրացման քաղաքականություն է վարում երկրում, և Հայաստանը Եվրոպային նմանվում է միայն բարձր գների մակարդակով:
«Գները բարձրացնելով` կառավարությունը փորձում է ավելացնել բյուջեի եկամուտները, սակայն այսօր հանրությունը հասունացել է և կարող է ասել «ոչ» Հայաստանի գների բարձրացման քաղաքականությանը, ու մեր պահանջով գազի սակագինը ոչ թե պետք է բարձրանա, այլ՝ նույնիսկ նվազի»,- ասել է Ղուկասյանը:
Նախաձեռնության մեկ այլ ներկայացուցչի՝ «Երևանգազի» նախկին աշխատակից Սիլվա Ադամյանի խոսքով՝ «ՀայՌուսգազարտը» փորձեր է անում համոզել հասարակությանը, թե ուզում է ավելի լավ աշխատել:
«Ես չեմ կարող հավատալ դրան, քանի որ յոթ տարի տեսել եմ, որ ընկերությունը ոչինչ չի անում այդ ուղղությամբ», – նշել է բանախոսը՝ փաստելով, որ առկա է գազի արտահոսք, գազի անորակ խողովակներ:
Նախաձեռնության անդամների հավաստմամբ՝ մոտ օրերս գազի գնի փոփոխության վերաբերյալ ՀԾԿՀ-ում տեղի են ունենալու հանրային լսումներ:
«Քննարկվելու է հանձնաժողովի անգործության հարցը, և վերջինս հաստատելու է, որ ինքը քաղաքական պատվեր է կատարում: Եթե գազի գինը չփոխվի՝ հասարակությունն անհնազանդությամբ կպատասխանի այդ հանգամանքին», -եզրափակել է Գրիգորյանը: