Այսօր ժամը 15:00-ի սահմաններում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ «Նարիմանով» մետրոյի կայարանի մոտից բերման է ենթարկվել և անհայտ ուղղությամբ է տարվել Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության նախկին ղեկավար Իսքենդեր Համիդովը:
ՆԳՆ-ն չի մեկնաբանում նրա բերման ենթարկելու փաստը՝ նշելով, որ այդ մասին տեղեկություն չունի:
Համիդովին բերման են ենթարկել բացօթյա սրճարանից, երբ նա թեյում էր մի քանի մարդկանց հետ: Քաղաքացիական հագուստով անձինք Համիդովին գետնին են տապալել, ձեռնաշղթաներ հագցրել և տարել անհայտ ուղղությամբ: Հարձակվողները հայտարարել են, որ ոստիկանությունից են: Այդ մասին «Թուրան» գործակալությանը հայտնել է այդ պահին Համիդովի հետ եղած Էլդար Տագիևը:
Նշենք, որ Համիդովն Ադրբեջանում հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով: Երեկ Նովխանի ավանում կայացած հանրահավաքի ժամանակ նա քննադատել է Ադրբեջանի ղեկավարներին՝ նրանց անվանելով «անազնիվ և անբարոյական»: Համիդովն ընդդիմությանը ծայրահեղ գործողությունների կոչ է արել, քանի որ «խաղաղ ճանապարհով փոխել ներկայիս ռեժիմը հնարավոր չէ»:
Երեկ հանրահավաքից հետո ձերբակալվել է նաև «Մուսավաթ» կուսակցության առաջնորդի խորհրդական Մուստաֆա Հաջիբեյլին, ով այսօր 15 օրվա վարչական կալանքի է ենթարկվել: Հաջիբեյլիի խոսքով՝ իր գործը քննվել է Ապշերոնի շրջանային դատարանում՝ առանց բարեկամների ներկայության: Բացի դա, մեղադրյալին թույլ չեն տվել օգտվել իր փաստաբանի ծառայություններից, և նրան դատում էին հանրային պաշտպանի ներկայությամբ:
Contact.az-ը նշում է, որ անհասկանալի է, թե ինչում են մեղադրել Հաջիբեյլիին: