ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բաժնում նախօրեի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթի փոխանցմամբ՝ ոստիկանները բախվել են գեներալներից մեկի (անունը չի նշվում) «տղաների» հետ հենց Վարդենիսի ոստիկանապետ Տիգրան Գալստյանի աշխատասենյակում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ոստիկանապետը, սակայն, ասել է, թե իրականում նման բան չի եղել, «ուղղակի էջմիածին քաղաքից երկու տղա հյուր են եկել Վարդենիս, ու նրանց ավտոմեքենային գիշերը փողոցում հարվածել են»: Դրանից էլ վիճաբանություն է սկսվել:
«Մենք շատ արագ ինֆորմացիա ենք ստացել, կանխել ենք այդ վիճաբանությունը, ու նրանք բոլորը ոստիկանության բաժին են բերման ենթարկվել: Ինչ պետք է արվեր, արվել է օրենքի շրջանակներում, այնուհետև ստորագրությամբ նրանք բաց են թողնվել: Իսկ այժմ քննություն է կատարվում»,- վստահեցրել է ոստիկանապետը:
Թերթը նշում է, սակայն, որ քաղաքում լուրեր են շրջում, թե ոստիկանները ծեծի են ենթարկվել: