Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Այս մասին գրում է Hetq.am-ը՝ հավելելով, որ այս ընկերությունն անմիջական առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ:
Աշոտ Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչև 2011թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից մաս-մաս ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար վարկ: Բայց վարկի դիմաց նա բանկում գրավադրել է գործարար Փայլակ Հայրապետյանին և նրա որդուն պատկանող ընկերությունները:
Ստանալով գումար՝ Աշոտ Սուքիասյանը չի կատարել վարկային պայմանագրերով ու բիզնես-ծրագրով նախատեսված պարտավորությունները, բայց սա չի խանգարել, որ «Ամերիաբանկ»-ն անարգել շարունակի գումարները փոխանցել Կիպրոսում գրանցված մի քանի ընկերությունների բանկային հաշվեհամարներին:
«Ամերիաբանկը» «Ձորագյուղ» ա/կ-ի հանձնարարականներով վերջինիս բանկային հաշվեհամարին փոխանցված վարկի գումարներից շուրջ 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար գումար փոխանցել է Կիպրոսի «HELLENIC BANK PUBLIK COMPANY»-ի մի քանի օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին: Վարկային միջոցները փոխանցվել են.
1. «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ին՝ 7 մլն 20 հազար 450 դոլար:
2. «WLISPERA HOLDINGS LIMITED» ՍՊԸ-ին՝ 350 հազար դոլար:
3. «STR EMERALD LIMITED» ՍՊԸ-ին՝ 2 մլն դոլար:
Կիպրոսի օֆշորային ընկերություններին փոխանցված գումարների մի մասը նույն ժամանակահատվածում հետ է փոխանցվել «Ձորագյուղ» ա/կ-ի՝ «Ամերիաբանկի» հաշիվներին: Մասնավորապես՝ «STR EMERALD LIMITED»-ը փոխանցել է 3 մլն 233 հազար, իսկ «WLISPERA HOLDINGS LIMITED»-ը՝ 2 մլն 99 հազար 773 դոլար:
Աղբյուրը հիշեցնում է, որ համաձայն բազում մամուլի հրապարակումների՝ Աշոտ Սուքիասյանը, հանդիսանում է Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի սանիկը և նա է նվիրել Կճոյանին հայտնի թանկարժեք «Բենթլի» ավտոմեքենան:
«Ձորագյուղ» ա/կ-ն հավասար բաժնեմասերով պատկանում է Աշոտ Սուքիասյանին, նրա կնոջն ու դստերը: Հայտնի է, որ նա բազմաթիվ մարդկանց պարտք է ոչ միայն Հայաստանում, այլև Աֆրիկայում և Ռուսաստանում: Այժմ վերջինս ընատնիքով լքել է Հայաստանը:
Ոստիկանությունում վերոնշյալ վարկային պատմության առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն որևէ մեկի նկատմամբ առայժմ մեղադրանք առաջադրված չէ: Հանցագործության մասին հաղորդում ներկայացրածներից մեկն էլ գործարար Փայլակ Հայրապետյանն է:
Նա hetq.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է հայտնվել այս պատմության կիզակետում ու կանգնել ունեզրկման եզրին:
«2009 թ. Հայաստանում ադամանդագործության և ոսկերչության զարգացման պետական ծրագրի շրջանակներում հիմնեցի ձեռնարկություն և բացեցի 400 աշխատատեղ: Մեծ գումարներ ծախսեցի՝ 3,5 մլն դոլար, կառուցեցի գործարան եւ հիմնեցի ուսումնարան՝ մասնագետների պատրաստման համար: Մեկ էլ մի օր ինձ զանգեց Էկոնոմիկայի նախարարության Առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը և կանչեց վարչապետի մոտ՝ ոլորտին վերաբերող շտապ խորհրդակցության»,- պատմում է Փայլակ Հայրապետյանը:
Վերջինս նշում է, որ երբ հասել է նախարարություն, վարչապետն արդեն խորհրդակցությունից դուրս էր եկել, ու նրան հանդիպել է աստիճանահարթակին: Մտել է խորհրդակցական սենյակ, նստած են եղել էկոնոմիկայի այն ժամանակվա նախարար Ներսես Երիցյանը, նրա կողքին՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, իսկ մյուս կողքին՝ Աշոտ Սուքիասյանը:
Նախարարը հանդիպմանը ներկա ոսկերչության և ադամանդագործության ոլորտում գործող 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարներին տեղեկացրել է, որ ՌԴ-ն Հայաստանին տրամադրելիք 500 մլն ԱՄՆ դոլարի վարկից 100 միլիոնը հատկացնելու է ադամանդի հումքի տեսքով: Ընդ որում՝ Ռուսաստանը համաձայնվել է, որ մեր երկիրը վարկի տվյալ մասը վերադարձնի հենց ապրանքի՝ մշակված ադամանդի տեսքով: Նախարարը ներկայացրել է Կառավարության պահանջը՝ խորհրդակցությանը ներկա արդյունաբերողներն այս վարկավորման շրջանակներում պետք է աշխատանքով ապահովեն 10 հազար մարդու:
«Մեկ էլ նախարարը խոսքը փոխանցեց Աշոտ Սուքիասյանին, և նա ասաց, որ ինքը Աֆրիկայի Սիերա Լեոնե պետությունում ոսկու և ադամանդի հանքեր ունի և պատրաստ է բարձրորակ հումքով ապահովել Ռուսաստանի առաջարկածից 15 տոկոսով էժան, – պատմում է գործարար Հայրապետյանը,- բոլորն ուրախացան, Երիցյանը, թե՝ ընկերներ, մեզ ձեռնտու է: Պայմանավորվեցինք, և 20 օր հետո Աշոտը բերեց ադամանդի հումքի նմուշը: Այս հանդիպմանն արդեն ներկա էին 17-18 գործարար, բոլորն իրենց մասնագետներով էին եկել: Իսկապես ադամանդի հումքի որակը շատ բարձր էր»:
Սուքիասյանը, սակայն, նշել է, որ հայ գործարարներին տարիներ շարունակ նման հումք կարող է մատակարարել, եթե իր աֆրիկյան հանքերում 12 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարվի՝ անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու համար: Հանդիպման մասնակիցներն Առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանի ուղեկցությամբ գնացել են «Սվիս» բանկ:
«Քանի որ նման մաշտաբի պետական ծրագիր էր, ես էլ ներկաներից տարիքով ամենամեծն էի, ասացի, որ կարող եմ միանգամից իմ գույքը գրավադրել, որպեսզի մյուսներն էլ ամեն մեկն առանձին-առանձին իր ունեցածը գրավ չդներ: Ժամկետն էլ երկար չէր՝ 3 տարով պետք է վարկը տրվեր»,- պատմում է Փայլակ Հայրապետյանը:
Որոշ ժամանակ անց Աշոտ Սուքիասյանը տեղեկացրել է, որ «Սվիս» բանկը հրաժարվել է վարկը տրամադրել, սակայն վարչապետի, նախարար Երիցյանի և արքեպիսկոպոս Կճոյանի միջնորդությամբ անհրաժեշտ գումարները համաձայնվել է տրամադրել «Ամերիաբանկը»: Աշոտ Սուքիասյանն իրեն տրված լիազորագրով «Ամերիաբանկում» գրավադրել է Փայլակ Հարյապետյանին պատկանող մոտ 33 մլն դոլար ընդհանուր արժեքով գույքը և բանկից ստացել 10,7 մլն դոլարի վարկ:
Լուսանկարը՝ hetq.am