Ազատամարտիկ Մկրտիչ Բաղդասարյանն այսօր Գյումրիում՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տված ճեպազրույցի ժամանակ հրապարակել է իր բաց նամակը՝ ուղղված ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Նամակում Բաղդասարյանը նշում է, որ 1988թ. հունիս ամսից մինչև 1992թ. հոկտեմբեր ամսվա սկիզբը մասնակցել է արցախյան ազատամարտին: 1990 թվականին Շոշ գյուղի ֆերմայից մեկամսյա ժամկետով ձերբակալվել է խորհրդային ուժերի կողմից և բազմաթիվ կտտանքների ենթարկվել Շուշիի բանտում:
«Բուժօգնության եմ դիմել միայն ասթմայի ծայրահեղ սրացման դեպքում: Ինքնապաշտպանական գործողությունների ժամանակ, թե՝ վիրավորելս, թե՝ կոնտուզիա ստանալս գաղտնի եմ պահել, քանի որ ընդհատակյա պատերազմական գործողության ժամանակ գործող պարետային ժամի պայմաններում չէր կարելի ցույց տալ վիրավորվածությունը, որոնք ձևակերպվում էին որպես աշխատանքային վնասվածքներ: Մեր ջոկատն անանուն էր, մեզ կոչում էին Հակոբի ջոկատ: Ես այս բոլորի համար ոչ մի փաստաթուղթ չունեմ, որովհետև վերը նշվեց, որ մեր գործողությունները ընդհատակյա էին, միայն խորհրդային անձնագրիս պատճեն է, որտեղ երեւում է, որ գրանցված եմ եղել Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում, իսկ վիրավորվելուս և ձերբակալվելուս մասին փաստաթուղթ չեն տվել:
Մասնակցել եմ Կրկժանի, Արմենավանի, Տողի, Ջրակուսի, Մարիբեյլի, Ղոչալարի, Խոջալուի, Շուշիի, Լաչինի միջանցքի, Քարինտակի, Կիչանի, Սրխավենդի, Մարտակերտի և Հադրութի մարտական գործողություններին: Հրամանատարիս հրամանով եկել եմ Հայաստան՝ Գյումրիի 333-րդ գումարտակի կազմավորելու համար: Գյումրիում ոչ ադեկվատ պահվածքիս համար դատապարտվել եմ 15 տարվա ազատազրկման: Առողջական խնդիրներով բազմիցս եմ դիմել բուժհաստատություններ, ստացել բուժումներ դատապարտյալների հիվանդանոցում, այնուհետ այլ բուժհաստատություններում: Բժշկական փորձաքննության հանձնաժողովը (ТЭК), չնայած բազմաթիվ հիվանդություններիս (ասթմա, կոնտուզիա, գլխուղեղի սալջարդ, գլխի սուր ցավեր), ինձ նշանակել է հաշմանդամության 3-րդ կարգ՝ պարզաբանելով, որ շատ տարիներ են անցել պատերազմից: Երկրաշարժին կորցրած 2 սենյականոց բնակարանի փոխարեն ստացել եմ 1 սենյականոց բնակարան (5 անձով): Աշխատունակության և սոցիալական ծանր կացությունից ելնելով՝ ստիպված վաճառել եմ բնակարանս:
Արդեն 2-րդ տարին է, ինչ իմ ընտանիքով ապրում եմ վարձով, որի հետևանքով հաշվառում կամ գրանցում չունեմ:
2012թ.-ի հերթական բուժման ժամանակ պարզվել է, որ ունեմ շաքարային դիաբեդ, իսկ 2013թ.-ի ապրիլին ստացել եմ սրտի աբշիրնի ինֆարկտ: Հույսս լիովին կորցրել եմ ՀՀ ղեկավարությունից, որին չի հետաքրքրում իր հաղթանակած զինվորը և նրա 2 անչափահաս երեխաները: Ես ինձ անապահով և ավելորդ եմ զգում իմ հայրենիքում: Գտնում եմ, որ իմ հաղթանակած հայրենիքում, եթե ես գրանցում անգամ չունեմ և մեր՝ կամավորականներիս գործը մասամբ է հիշվում, իսկ պաշտոնատար անձանց կողմից նվաստացուցիչ կերպով և ցուցադրական տրամադրվում է չնչին ողորմություն, ուստի նպատակահարմար եմ գտնում իմ արյան գնով ձեռք բերված մեդալները (ոչ լրիվ ստացած մեդալներս) հանձնեմ ձեզ: Եթե կարիքը առաջանա, կարող եմ նաև հրաժարվել տրվող կենսաթոշակից», – բաց նամակում գրել է Մկրտիչ Բաղդասարյանը: