Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ:
Մրցույթի անցկացման անհրաժեշտության և մասնակցության պայմանների մասին մանրամասները հրապարակել է քաղաքապետարանի պաշտոնական կայքէջը:
«Հրապարակն իրականում վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի, իր բոլոր բացասական ազդեցություններով: Հանրապետության հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձևավորվել հրապարակի շուրջ, էականորեն աղճատելով համալիրի մասշտաբայնության և դոմինանտության կարևոր պայմանները, հրապարակը ձևավորող որոշ մասնաշենքեր գործառնական նշանակությամբ վերափոխվել են, կառուցվել է երկու կարևորագույն հրապարակների միջև հետիոտն կապ հանդիսացող Հյուսիսային պողոտան, ի վերջո՝ Հանրապետության հրապարակը, հանդիսանալով համայն հայության խորհրդանիշ ու համազգային, համապետական և համաքաղաքային միջոցառումների իրականացման կարևորագույն հարթակ, Լենինի արձանի և դրա տրիբունայի ապամոնտաժման արդյունքում, ունի որոշակի դժվարություններ, զանազան հանդիսությունների կազմակերպման խնդրում»,- ծրագրի հեղինակները թվարկում են պատճառները, թե ինչու պետք է հրապարակը փոխվի:
Մրցութային հանձնաժողովի նախագահը Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է: