Մայիսի 29-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը վերադարձրել է «Մատաղիսի գործով» արդարացվածներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի, Արայիկ Զալյանի դեմ զինվորական կենտրոնական դատախազության դատախազներ Ա. Հարությունյանի, Ա. Շահինյանի և Հ. Թադևոսյանի վճռաբեկ բողոքը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է արդարացվածների փաստաբան Հայկ Ալումյանը:
Նման վճիռը նշանակում է, որ Վճռաբեկը համաձայնել է ՀՀ Վերաքննիչ դատարանի հետ: Հիշեցնենք, որ դատախազները բողոքարկում էին Վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի մարտի 26-ի վճիռը, որով ամփոփոխ էր թողվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած արդարացման դատավճիռը:
Ալումյանը նշել է, որ, փաստորեն, բոլոր դատարանները փաստել են, որ գործի քննությունը նորից պետք է սկսվի, քանի որ մեղադրյալները արդարացված են, սակայն հանցագործության փաստը կա և պետք է բացահայտել՝ ով է սպանել երկու զինվորներին:
Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը մեղադրվում էին 2003 թ. ծառայության ընթացքում Մատաղիս գյուղի զորամասի ծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ: