Մի քանի օր է, ինչ սոցցանցերում ՀՅԴ վերնախավին ուղղված նամակ է շրջում՝ «ՀՅԴ Հայաստանի ընկերների ճնշող մեծամասնության» անունից, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ նամակում անդրադարձ կա ՀՅԴ Բյուրոյի և ԳՄ-ի վերջին տարիներին դրսևորած «անգործությանը», ինչն էլ դարձել էր, ըստ նամակագիրների, ընտրություններում ՀՅԴ պարտության պատճառը:
Նամակում կոչ է արվում արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրել, նոր Բյուրո ձևավորել, որտեղ 1998-ից «ի վեր ԳՄ-ի և Բյուրոյի ոչ մի ներկայացուցիչ չպետք է ընդգրկվի»:
Չնայած նամակն անստորագիր է, սակայն, թերթի տեղեկություններով, Լիբանանի ՀՅԴ կառույցը հանդես է եկել արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրելու նախաձեռնությամբ, և, ըստ ՀՅԴ կանոնադրության, եթե կառույցների կեսը միանա նախաձեռնությանը, ապա արտահերթ ժողովը չի բացառվում, և, ինչպես նկատում են «Հրապարակ»-ի աղբյուրները, «պերեվառոտը» ՀՅԴ-ում կիրականանա:
Թերթի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ասել է, որ նպատակահարմար չի համարում անստորագիր հայտարարությանը պատասխանելը.
«ՀՅԴ-ն ունի հստակ մեխանիզմներ, ընթացակարգեր, թե ինչպես պետք է ղեկավար մարմինների հետ կապված տարաձայնությունները քննարկվեն: Որևէ դաշնակցական ընկեր այդ մեխանիզմները մի կողմ թողնելու իրավունք չունի, դա դաշնակցականին ոչ բնորոշ, դատապարտելի արարք է: Երկրորդ՝ անկախ այս կամ այն դաշնակցականի տեսակետից, ՀՅԴ-ն ինքը նախաձեռնել, նաև ջատագովն է քննարկումներ սկսել այս փուլում կուսակցությունում առկա վիճակի առնչությամբ և համապատասխան հետևություններ անել, լուծումներ տալ»:
Ինչ վերաբերում է Բեյրութի կառույցի առաջարկին, ապա Համբարձումյանը նշել է, որ առանձին կառույցներ իրավունք ունեն հանդես գալ նման նախաձեռնությամբ:
«Եթե այդ կառույցների թիվը հասնի 6-ի, կառույցների կեսը պահանջեն, արտակարգ Ընդհանուր ժողով կհրավիրե՞ք» հարցին՝ Համբարձումյանը դրական պատասխան է տվել՝ նշելով, որ կանոնակարգն այդպես է պահանջում: