Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է քրեական հետապնդում իրականացնել բնապահպանության նախարարության պաշտոնյաների նկատմամբ: Այս մասին հայտնում է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը՝ հիշեցնելով, որ 12 ապրիլին ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության կողմից ներկայացված՝ հանցագործության մասին հաղորդումը հասցեագրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանին այն պատճառաբանությամբ, որ ՀՔԾ-ն նախաքննություն է իրականացնում միայն ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնական դիրքի կապակցությամբ կատարած հանցագործությունների վերաբերալ: ՀՔԾ-ն նշել է, որ Նախաձեռնության կողմից ներկայացված հաղորդման մեջ նշված անձիք ՀՔԾ քննիչների քննությանը ենթակա հանցագործությունների հատուկ սուբյեկտ չեն հանդիսանում:
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացրել է այն հիմնավորումները, համաձայն որոնց ՀՔԾ-ն պարտավոր էր վարույթ սկսել բնապահպանության նախարարության պատասխանատուների նկատմամբ:
1. «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ Բնապահպանական պետական տեսչությունն է պատասխանատու ստուգումներ իրականացնել և արձանագրել բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերը և փորձաքննական եզրակացության պայմանների խախտում հայտնաբերելու դեպքում մասամբ կամ ամբողջովին փակել, կասեցնել կամ արգելել հանքավայրի շահագործման աշխատանքները: Բնապահպանական պետական տեսչությունը պարտավոր էր ստուգումներ և դրանից բխող համարժեք քայլեր իրականացնել Թեղուտի հանքավայրի շահագործումը դադարեցնելու և իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնելու համար, քանի որ հանքավայրի շահագործումն այժմ ընթանում է միանգամայն այլ նախագծով, որը օրենքով սահմանված կարգով չի ներկայացվել բնապահպանական փորձաքննության և պետական լիազոր մարմնի կողմից փորձաքննական դրական եզրակացություն չի ստացել:
2. ՀՀ կառավարության կողմից 25 հուլիսի 2002 թվականին ընդունված «ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» (հետայսու՝ Կանոնադրություն) N 1149-Ն որոշման 8-րդ կետի համաձայն, «Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում … օգտակար հանածոների … արդյունահանման, օգտագործման, պահպանության պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ»:
3. Կանոնադրության համաձայն, «Տեսչությունը կառավարում է նախարարը, որը միաժամանակ Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչն է: Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որը Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչի տեղակալն է, որին, մինչև քաղաքացիական պաշտոններզբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործածության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ»:
«Ստացվում է, որ առանց իրավական հիմքերի ՀՔԾ-ն հրաժարվել է քրեական հետապնդում իրականացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ: Հետևապես, մենք անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ ՀՔԾ-ից պահանջել վերանայելու իրենց գործողությունները և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու նաև ՀՀ բնպահպանության նախարարության ղեկավար աշխատողների նկատմամբ, ովքեր պատասխանատու են տեսչական ստուգումներ իրականացնելու համար:
Միևնույն ժամանակ, դատախազությունը քննում է հանցագործության մասին հաղորդման այն մասը, որը վերաբերում է «Վալլեքս Գրուպի» հանցավոր գործունեությանը», – ասված է Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: