Home / Հայաստան / ՄԱԿ-ում մտահոգված են Հայաստանում երեխաների իրավունքների խնդիրներով

ՄԱԿ-ում մտահոգված են Հայաստանում երեխաների իրավունքների խնդիրներով

2013 թվականի մայիսի 29-ին և 30-ին ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն քննարկել է Հայաստանում Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի և դրան կից արձանագրությունների կատարման վերաբերյալ պետության կողմից ներկայացված հաշվետվությունը:

Կոմիտեի կազմում ներգրավված են 18 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ներկայացրել են ՀՀ Արդարադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության և գիտության, Առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները:

Կոմիտեի քննարկմանը մասնակցել են նաև հայաստանյան հասարակական հատվածի ներկայացուցիչներ, որոնց կազմում են եղել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, «Վորլդ վիժն Արմենիա»-ի և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության անդամները:

Վերջինիս ղեկավար Հայկուհի Հարությունյանը տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ քննարկման ժամանակ պետության պատվիրակությունը ներկայացրել է իրավիճակի վերաբերյալ հիմնական տեղեկությունները, իսկ այնուհետև կոմիտեի անդամները հարցադրումների միջոցով ստացել են կոնկրետ ոլորտների վերաբերյալ տեղեկություններ:

«Ընդհանուր դիտարկումների շարքում Կոմիտեն իր մտահոգությունը հայտնեց պետության կողմից ներկայացված զեկույցի պատրաստման գործում հասարակական կազմակերպությունների մասնակցության կապակցությամբ: Կոմիտեի կողմից ընդգծվեց, որ պետության կողմից ներկայացված զեկույցը բավարար տեղեկություն չի հաղորդում առ այն, թե արդյոք զեկույցը պատրաստվել է քաղաքացիական հասարակության ինստիտուտների մասնակցությամբ և առհասարակ, Հայաստանում երեխայի իրավունքներին վերաբերող քաղաքականության մշակման գործընթացում ՀԿ-ների հետ համագործակցության մասը և նրանց ներգրավվածության աստիճանը պարզ չէ:

Բացի դա, Կոմիտեն բավարար չհամարեց պետության կողմից Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի շուրջ իրականացված իրազեկման աշխատանքները, այդ ուղղությամբ մասնագետներին կրթելու միջոցառումները:

Երեխայի իրավունքների պաշտպանվածության մասով կոմիտեի հարցադրումները բաժանվում էին մի քանի հիմնական խմբերի, որոնցից ներկայացվում են մի քանիսը՝ երեխայի իրավունքների խախտումներ, բռնություն երեխայի նկատմամբ, անմարդկային վերաբերմունք և պատիժ:

Կոմիտեն բավականին խիստ հարցադրումներ իրականացրեց երեխային բռնությունից պաշտպանելու և բռնության կանխարգելման մեխանիզմների վերաբերյալ: Մասնավորապես, ընդգծելով երեխայի խնամքի կենտրոնների նկատմամբ անկախ մոնիթորինգի մեխանիզմի առկայության կարևորությունը, Կոմիտեն իր մտահոգությունը հայտնեց Հայաստանում այդ մեխանիզմի առկայության և նրա գործունեության արդյունավետության վերաբերյալ», – մասնավորապես, նշել է Հարությունյանը:

Կոմիտեն նաև իր մտահոգությունն է արտահայտել պետության կողմից վերջին 2 տարիներին երեխայի իրավունքների պաշտպանությունն ապահովող կառույցների ֆինանսավորման կրճատումներին՝ ընդգծելով, որ դա ոչ մի պարագայում թույլատրելի չէ:

Կոմիտեն բավարար չի համարել անչափահասների գործերով արդարադատություն իրականացնելու համար առկա ռեսուրսները, ինչպես նաև նշել է, որ իր համար հստակ չեն այդ գործերով մասնագիտացված դատավորների գործունեության սկզբունքները:

Հարությունյանը նշում է, որ Կոմիտեն նաև խիստ մտահոգություն է հայտնել անչափահաս օրինախախտների նկատամամբ այլընտրանքային պատիժների կիրառման հնարավորությունների բացակայության վերաբերյալ: Կոմիտեի համար պարզ չէ, թե ինչպես է անչափահասների նկատմամբ կալանք կիրառվում, որտեղ են մինչև դատարանի կողմից վերջանական որոշում կայացնելը պահվում անչափահաս կալանավորվածները, որքան է դրա տևողությունը, որքան հաճախ է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը վերանայվում:

Վերոնշյալ հարցերի կապակցությամբ ազգային օրենսդրության բացերը ևս Կոմիտեի համար խիստ մտահոգիչ են եղել: