Խոշորագույն համացանցային ընկերությունները նամակ են հղել Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյին՝ տեղեկացնելով, որ իրենք հրաժարվում են համագործակցել բրիտանական իշխանությունների հետ՝ օգտատերերի վերահսկման մասին նոր նախաձեռնության շուրջ, հաղորդում է The Guardian-ը:
Հինգ խոշորագույն համացանցային ընկերությունները՝ Yahoo!-ն, Microsoft-ը, Google-ը, Facebook-ը և Twitter-ը, նախարարությանը հասցեագրված հաղորդագրության մեջ հայտնել են, որ իրենց առաջարկվող օրենսդրական փաթեթը շատ թանկ կնստի և իրենից շատ կասկածելի նախաձեռնություն է ներկայացնում:
Օրինագիծը, որը թույլ կտա հատուկ ծառայություններին վերահսկել բրիտանացի օգտատերերի համացանցային ակտիվությունը և այդպիսով կանխել հնարավոր ահաբեկչությունները, Բրիտանիայում քննարկվում էր մի քանի տարիների ընթացքում: Օրինագծի հարցը բարձրացվել է լոնդոնյան Վուլիչ թաղամասում զինծառայողի սպանությունից հետո, որը որակվել է որպես ահաբեկչություն: Ներքին գործերի նախարարությունում կարծում են, որ համցանցային շփման վերահսկման լրացուցիչ մեխանիզմները թույլ կտան կանխել նման պատահարները: Բրիտանական վարչությունում հույս էին հայտնել, որ ԱՄՆ-ում տեղակայված խոշորագույն համացանցային ընկերությունները ինքնակամ կօգնեին իշխանություններին:
Բրիտանական կառավարությունում օրինագծի հիմնական ընդդիմախոսներից է լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Նիք Կլեգգը, ով 2013 թվականի ապրիլին հանդես է եկել օրինագծի խիստ քննադատությամբ և ազնվորեն հայտնել է իր անհամաձայնությունը ծրագրի էության հետ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին և ներքին գործերի նախարար Թերեզա Մեյին: