Թուրքիայի իշխանությունները չեն պատրաստվում հետ կանգնել Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակի հարևանությամբ գտնվող Գեզի այգին քանդելու ու դրա փոխարեն առևտրի կենտրոն և զորանոցներ կառուցելու գաղափարից: Երեկ ոստիկանության ուժերը հատուկ դաժանությամբ ցրել են ակտիվիստներին, ովքեր պայքարում են Գեզիի պահպանման համար:
Ինչպես հաղորդում է Today’s Zaman-ը, ցուցարները վերջին 4 օրերի ընթացքում խոչընդոտել են բուլդոզերների աշխատանքը, որոնք այգում ծառեր էին կտրում: Հինգշաբթի մոտ 5000 ցուցարարներ գիշերել են այգում, իսկ արդեն ուրբաթ ոստիկանությունը վճռական գործողությունների է դիմել:
Ցուցարարներին ցրելու նպատակով իրավապահները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են օգտագործել: Համաձայն պաշտոնական տվյալների, 12 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, տուժածներից մի կին ծայրահեղ ծանր վիճակում է: Ոչ պաշտոնական տվյալներով տուժած ցուցարաների թիվը հասնում է 100-ի:
Ոստիկանությունն ավիրել է ցուցարարների վրանները՝ մաքրելով այգին: Ավելի քան 60 մարդ բերման է ենթարկվել: Ի պաշտպանություն Ստամբուլի ցուցարաների, բողոքի ցույցեր են եղել նաև Իզմիրում և Անկարայում:
Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ և մտավորականներ դատապարտել են անհամաչափ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների դեմ:
Ըստ «Ամնեսթի Ինթերնեյշնլ» իրավապաշտպան կազմակերպության՝ Թուրքիայի իշխանությունենրը պետք է ոստիկաններից պահանջեն դադարեցնել ուժի կիրառումը ցուցարարների դեմ և անմիջապես հետաքննել բռնության դեպքերը:
«Այս աստիճանի բռնության կիրառումը ժխտում է խաղաղ բողոքի իրավունքը», – ասել է «Ամնեսթի Ինթերնեյշնլ»-ի Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Ջոն Դալհույսենը:
Նա նշել է, որ խաղաղ ցուցարարների դեմ սահմանափակ տարածքում արցունքաբեր գազի կիրառումը, երբ դա կարող է լուրջ վնասվածքեր հասցնել մարդկանց առողջությանը, անընդունելի է, խախտում է մարդու իրավունքների միջազգային չափանիշները և պետք է անմիջապես դադարեցվի: