Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչներն այսօր այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում նախօրեին միջադեպի հետևանքով սպանված Սիփան Մովսիսյանի հարազատներին:
Ասամբլեայի խաղաղասիրական բաժնի համակարգող Արմինե Սադիկյանը Aravot.am-ին պատմել է, որ մահացածի մորից միայն կարողացել են պարզել, որ. Սիփանը վիրավոր ժամանակ մոտեցել է կապիտանին ու օգնություն խնդրել:
«Կապիտանը անմիջապես կանչել է շտապօգնություն, և ներարկում են արել երեխային: Գիտակցությունը տեղն է եղել, տեղափոխել են վիրահատության: Ծնողները չեն իմացել, թե որ մասից է կոնկրետ վնասվածք ստացել. երակն է վնասված եղել ու արյունահոսել է: Ճնշման անկում է նկատվել ու արյունաքամ է եղել», – պատմել է Սադիկյանը:
Դեպքի մասին Սիփանի հարազատներն իմացել են հեռախոսազանգով, հենց ռազմական ինստիտուտից են տեղեկացրել: Դիակը Վանաձոր են տեղափոխել երեկ երեկոյան: Վիճաբանության ու կրակոցի պատճառի մասին սպանվածի ընտանիքը տեղեկություն չունի:
Արմինե Սադիկյանի խոսքով՝ երիտասարդն ապրում էր մոր, տատիկի ու երկու եղբայրների հետ. «Ապրում են Վանաձորի ծայրամասային թաղամասում գտնվող տնակում: Եղբայրը ծառայում էր ԼՂ զորամասում և նոյեմբերին պետք է զորացրվեր: Սոցիալապես շատ ծանր վիճակում են: Տնակը խարխուլ է ու ապրելու համար նորմալ պայմաններ չկան»: