Այսօրվանից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց անցկացնող ազատամարտիկները ՀՀ իշխանություններից պահանջում են իրենց իրավիճակի կտրուկ բարելավում, մասնավորապես, թոշակների բարձրացում, անվճար բուժօգնություն:
Մոտ երեք տասնյակ ազատամարտիկներ վերջին մեկ ամսում արդեն երկրորդ նստացույցն են անցկացնում: Այս անգամ նրանք պատրաստվում են Ազատության հրապարակում մնալ մինչև հինգշաբթի:
Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը նշել է, որ անցյալ շաբաթ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հետ կայացած հանդիպման ժամանակ վերջինս շահագրգռված է եղել իրենց օգնելու մեջ: Չնայած դրան, ազատամարտիկները կրկին որոշել են հավաքվել՝ հինգշաբթի օրը կայանալիք ՀՀ կառավարության նիստից առաջ իրենց ձայնը լսելի դարձնելու համար:
Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ազատամարտիկ, Էրեբունու շրջանի ջոկատի հրամանատար Ռուբիկ Իսրաելյանն առաջարկել է ՀՀ իշխանություններին «Եվրոխորհուրդ մտնելուց առաջ համեմատել եվրոպացին իր ազատամարտիկներին, զինվորներին ու նրանց ընտանիքներին ինչ ձևով է պահում և իրենք ինչպես են պահում ազատմարտիկներին Հայաստանում»:
«Թող նայեն ու մեզ դրա կեսի, կեսի չափ պահեն, մենք գոհ կմնանք», – ասել է ազատամարտիկը:
Ակցիայի մեկ այլ մասնակից ազատամարտիկ, 2-րդ կարգի հաշմանդամ, 45-ամյա Մխիթար Ասատրյանի խոսքով՝ Հայաստանում տիրող իրավիճակի բացատրությունը երկրում տիրող անարխիան է:
«Ոչ մի կառույցում նորմալ, համապատասխան մարդիկ չեն աշխատում, ամեն մեկը աշխատում է ուրագի պես: Էս մարդիկ, ովքեր եկել են էս ազգին կառավարելու, չեն կառավարում, այլ տանում են դեպի կործանում ու էս ազգն արդեն կործանման եզրի ա՝ նման կառավարության երեսից: Եթե ընդհանուր վերցնում ես՝ դիրքերում ավելի նորմալ է վիճակը, երբ զինվորը կանգնած է ակնհայտ թշնամու առաջ ու պահում է թշնամուն, այնինչ մեր թշնամին մեր թիկունքում ա, մեր ազգի մեջ ա ու մեզ ուտում ա: Մարդիկ արդեն կասկածում են՝ էդ մարդիկ դրածո ադրբեջանցի՞ են, թե հայեր են, որովհետև դրանց ոչ մի արածը հայի չէ», – ասել է ազատամարտիկը:
Նա նաև մտահոգություն է հայտնել, թե Ադրբեջանի կառավարությունը իր սրիկա մարդասպանին դարձնում է ազգային հերոս, իսկ Հայաստանի իշխանությունները իրենց ազատամարտիկներին դարձնում են բոմժեր ու ստիպում են արտագաղթել: