«Այրարատ» կինոթատրոնի դիմացի մայթին՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ տարիներ շարունակ առևտուր անող մի քաղաքացի պատմել է «Հրապարակ» օրաթերթին, որ տվյալ տարածքը «նայում են» հոգևորականները՝ գումարպահանջելով առևտրականներից:
Թերթի խմբագրություն այցելած անձը նշել է, որ այս պահին «տարածքը նայողը» եկեղեցու հոգևոր հովվի վարորդը կամ օգնականն է՝ Գևորգ անունով:
«Նա շրջում է տարածքում և գանձում իր «հասանելիքը»: Բացատրությունն այն է, որ սա եկեղեցու տարածքն է, և այստեղ առևտուր անողները կամ պետք է մուծվեն, կամ հեռանան: Վճարման գնացուցակը տարբեր է՝ կախված զբաղեցրած մետրերից, առևտրի տեսակից և օրացույցից: Ասենք՝ տոն օրերին ծաղիկ կամ մոմ վաճառողների «հարկը» բարձրանում է, ենթադրում են, որ եկամուտն այդ օրերին ավելին է, քան սովորական օրերին: Այնպես որ, գումարը կազմում է 500-5000 դրամ:
Երբեմն Գևորգի հետ շրջագայության է դուրս գալիս նաև հովիվը, որպեսզի առևտրականները տեսնեն, որ նա ինքնագլուխ չէ, որ գանձած գումարները գնում են եկեղեցու «կարիքներին»», – գրում է թերթը:
«Հրապարակ»-ի այն հարցին, թե արդյոք առևտրականները չեն փորձել հրաժարվել այդ անօրինական գումարները վճարելուց, զրուցակիցը պատասխանել է.
«Դե, իրենց տարածքն է՝ կհանեն, ստիպված վճարում ենք: Բայց համ ոստիկանին ենք վճարում, համ քաղաքապետարանին, սա էլ որ գումարվում է՝ տակը բան չի մնում»: