Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով:
«Փաստինֆո» գործակալության ունեցած տեղեկությունների համաձայն, նրանց մեղադրանքներ են առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար:
Դատարանն արդեն բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը տեղափոխվել են մեկուսարան` «Նուբարաշեն»:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ի ուշ երեկոյան Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը: Նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, մարմնական վնասվածքներով հիվանդանոցում է, վիրավորվել ու հիվանդանոցում է գտնվում նաև Սուրեն Խաչատրյանի մերձավորներից մեկը՝ Նիկոլայ Աբրահամյանը:
Սուրիկ Խաչատրյանը երեկ հայտարարել է, որ թողել է մարզպետի լիազորությունները մինչև նախաքննության ավարտը: