Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում տեղի է ունեցել ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին ծեծի ենթարկված և 12 օր հետո հիվանդանոցում մահացած Վահե Ավետյանի գործով դատական նիստը հետաձգվել է՝ վկաների չներկայանալու պատճառով:
Դատավոր Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ չունի հավաստում, որ վկաները ստացել են դատարան ներկայանալու մասին ծանուցումը: Նիստը հետաձգվել է մինչև հունիսի 11-ը՝ ժամը 12.00-ը:
Դատական նիստը փակված հայտարարելուց առաջ դատավորն ընթերցել է լրագրողներից մեկի՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մարտիրոսյանի դիմումը՝ ամբաստանյալներից Գարիկ Մարգարյանի մոր դեմ: Լրագրողը դատարանին հայտնում էր, որ Նունե Մարգարյանը խոչընդոտել է լրագրողների գործունեությունը, վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ է տեղացել լրագրողների հասցեին: Դատարանն ասել է, որ կարգադրիչները առավել ուշադիր կլինեն Մարգարյանի հանդեպ:
Մոր դեմ բողոքը վրդովվեցրել է Գարիկ Մարգարյանին, ով սկսել է բղավել լրագրողների վրա. «Հերիք է՝ ամեն րոպեն մեկ կամեռաներդ վրաս պահեք, խմաք արդեն արյուններս»:
Դատավորը սանկցիա է կիրառել Մարգարյանի հանդեպ և հեռացրել նրան դատական դահլիճից:
Նշենք, որ հունիսի 10-ին (հաջորդ դատական նիստի օրը) և 11-ին փաստաբանները գործադուլ են անելու՝ ի նշան բողոքի Վճռաբեկ դատարանի կողմից գործերը վարույթ ընդունելու հարցում դրսևորվող կայամականանությունների: