Պաշտոնական այցով ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում գտնվող «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հունիսի 3-ին հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինի հետ:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պետքարտուղարությունում կայացած մասնավոր հանդիպման ընթացքում «կողմերը քննարկել են Հայաստանի առջև ծառացած ոչ միայն ներքին ժողովրդավարական, այլև միջազգային մարտահրավերներին առնչվող հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ հակամարտության արդարացի կարգավորումը և 1915թ. Հայոց Ցեղասպանության ու Մեծ Հայրենազրկման իրական ճանաչումը»:
Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես հիմնական բանախոս, ելույթ է ունեցել Ջորջ Վաշինգթոն համալսարանի իրավաբանական դպրոցում հավաքված լսարանի առջև՝ բաղկացած դիվանագետներից, քաղաքական գործիչներից և մտավորականներից:
«Զրույց Հայաստանի մասին» վերտառությունը կրող այս միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական, ռուսական և եվրասիական հետազոտությունների կենտրոնի, «Փոլիսի Ֆորում Արմենիա» (Policy Forum Armenia) կազմակերպության և Հայ իրավաբանական միության (Armenian Bar Association) համատեղ ջանքերով: