Քննչական մարմինը Գորիսի սպանության գործով բազմաթիվ ապացույցներ ունի, որոնց հիման վրա անձանց նկատմամբ հարուցել և հարոցում է քրեական հետապդնում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է ՀՀ գլխավոր զինդատախազ Գևորգ Կոստանյանը:
Թերթի այն հարցին, թե արդյոք այդ բազմաթիվ ապացույցների շարքում կան այնպիսիք, որոնք փաստում են, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն է մասնակցել միջադեպին ու կրակել, Կոստանյանը բացասական պատասխան է տվել:
«Ապացույցներ ունենք այնքան, որքան որ հիմնավորում է կոնկրետ անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հնարավորությունը: Այնպիսի ապացուցողական բազա, որը ձեռք կբերվի հետագայում, ու որը հնարավորություն կտա այլ անձանց նկատմամբ ևս հարուցել քրեական հետապնդում… վստա՛հ եղեք, որ ցանկացած անձ ենթարկվելու է քրեական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով», – ասել է զինդատախազը:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ հունիսի 1-ի ուշ երեկոյան գրանցված փոխհրաձգության հետևանքով զոհվել է Գորիսի քաղաքապետօ նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը վիրավորվել է, վիրավոր է նաև Խաչատրյանի մտերիմներից մեկը՝ Նիկոլայ Աբրահամյանը:
Ձերբակալվածների թվում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը և որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ով տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ:
Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ ձերբակալված Զարզանդ Նիկողոսյանին և Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել սպանություն, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել կամ կրել, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել հոդվածներով:
ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Նիկողոսյանն ու Խաչատրյանը կալանավորված են: Նրանց պաշտպանների կողմից ներկայացված գրավի միջնորդությունները մերժվել են: