ՀՀ կառավարությունը պետք է փոխի իր ծիծաղելի օրենքները և ակնաջերմ հոգատարությամբ վերաբերվի ազատամարտիկների ընտանիքներին: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարել է Հետախույզ վետերանների միության անդամ, ազատամարտիկ Արթուր Բունիաթյանը (լուսանկարում՝ աջից)՝ ՊՆ-ի սոցիալական վարչություն կատարած այցելությունից հետո:
Բունիաթյանը վարչություն էր գնացել 1992 թվականին զոհված ազատամարտիկ Աշոտ Հակոբյանի մորը՝ Սվետլանա Հակոբյանին հասցեագրված նամակի հաշետվությունը պահանջելու նպատակով: Հիշեցնենք, որ Սվետլանա Հակոբյանը աջակցություն էր խնդրել առողջական խնդիրները լուծելու համար և պատասխան ստացել, որ իրեն կարող են տարեկան 10 հազար դրամ տրամադրել:
Երեկ Աշոտ Հակոբյանը Ազատության հրապարակում խոսել էր դեպքի մասին և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից պահանջել էր ներողություն խնդրել ազատամարտիկի մորից:
Տեսանյութը՝ Ազատամարտիկը հանդիպում է պահանջում նախարարի հետ
Այսօր ազատամարտիկին ասել են, որ ՊՆ սոցիալական վարչության պետ Հարությունյանը տեղում չէ, ինչից հետո ազատամարտիկները հանդիպել են Հարությունյանի տեղակալ, փոխգնդապետ Դավիթ Դավթյանի հետ (ներքևի լուսանկարում):
Զրույցի ընթացքում Բունիաթյանը ներկայացրել է խնդիրը ու պահանջել է Դավթյանին գնահատական տալ նախարարությունից կողմից զոհվածի 77-ամյա մորը հասցեագրված նամակի բովանդակության մասին, որը Բունիաթյանը վիրավորական է համարել:
«Դա կառավարության որոշումն է ու մենք չեն կարող դուրս գալ կառավարության ընդունած օրենքներից», – ասել է փոխգնդապետը՝ նշելով, որ այդ գումարը հատկացվում է օրենքի տառի համաձայն:
Դավթյանը, այնուամենյանիվ, խոստացել է հրավիրել կնոջը և անհատական մոտեցում ցուցաբերել նրա խնդրին:
Բունիաթյանը նշել է, որ տվյալ պահին խոսքը վերաբերում է իր զոհված ընկերոջ մորը, և ինքը զբաղվում է այդ հարցերով, սակայն ծնողներ կան, ովքեր նման ծիծաղելի պատասխաններ են ստանում ՊՆ-ից և նրանց խնդիրներով ոչ ոք չի զբաղվում:
«Այսպիսի պատասխան եղավ այնտեղից, որ տիկին Սվետլաննային բերեմ սոցիալական վարչություն, որտեղ ինչ-որ անհատական մոտեցում կցուցաբերեն նրան, բայց այս հարցը գլոբալ լուծում է ուզում, միայն տիկին Սվետլանան չէ: Հասկացանք՝ ես զբաղվեցի տիկին Սվետլանայով, բա տիկին Հրանուշով, տիկին Վարդուշով, տիկին Սիրուշով ո՞վ պետք է զբաղվի: Պարոն կառավարություն, խնդրում ենք, վերանայեք ձեր օրենքները, չի կարելի ծիծաղելի օրենքներ հանել ու ժողովրդին ոչխարացնել: Մենք ոչխարներ չենք, մենք ազատամարտիկներ ենք, դուք նստել եք, որ մեզ ծառայեք, ոչ թե մեր արյունը խմեք: Վերանայեք ձեր նախկին օրենքները մեր վերաբերյալ, շտկեք ձեզ, վերևն Աստված կա: Մի քայլեք զահվածների արյան վրայով, չի կարելի, ամոթ է», – եզրափակել է Բունիաթյանը: